ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը երեկ իր ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե քաղաքական ցանկացած ուժի հարցը կարելի է արագ լուծել, եթե դա ցանկանա նախագահը, իսկ ԲՀԿ-ի համար ասել, թե նույն նախագահի ցանկությամբ այն անմիջապես կդառնա ձեւական ընդդիմություն:
ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանին հարցրինք՝ արդյոք այս գնահատականները կապ ունեն ՀՀՇ-ի պատկերացումների հետ, թե Իգիթյանն արտահայտել է իր անձնական կարծիքը:
«Հ. Իգիթյանը կամա–ակամա վիրավորել է ողջ քաղաքական դաշտը, ինչի համար ափսոսում ենք: Նա շատ է բացակայում Հայաստանից եւ գուցե դա է պատճառը, որ չի նկատել կամ չի հիշում, որ նախագահի աթոռը զբաղեցրած մարդը փորձել է ՀՀՇ-ի հարցը լուծել, սակայն ձախողվել է: Այսօր ՀՀՇ-ն Կոնգրեսի կազմում շարունակում է պայքարել Իգիթյանի կարծիքով ամենակարող հարց լուծողի դեմ եւ վստահ է, որ հաղթելու է: Եթե Իգիթյանն ասեր, թե ցանկացած քաղքական ուժի մեջ կգտնվեն մարդիկ, որոնց հարցը արագ կարելի է լուծել, եթե դա ցանկանում է նախագահի աթոռը զբաղեցրած մարդը, ես կստորագրեի այդ տողերի տակ՝ նկատի ունենալով, որ դեռ կան մարդիկ, որոնք կարծում են, որ միակ հարց լուծողը նախագահի աթոռը զբաղեցնողն է: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի իրական կամ ձեւական ընդդիմություն լինելուն, ապա պետք չէ Վանգա լինել, կապրենք կտեսնենք»,- ասաց Հայոցյանը:
