Քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որ Տարոն Մարգարյանը այցելել է շինհրապարակներ եւ ծանոթացել Երեւանում ասֆալտապատման աշխատանքների ընթացքին: Երեւանում ասֆալտապատման աշխատանքը ներկայում բավական լայնածավալ է, թեեւ կան տարածքներ, որտեղ ամիսներ շարունակ ընդամենը փողոցներ են քերում: Օրինակ, Գայի պողոտայում, որտեղ երթեւեկությունն արդեն մոտ երկու ամիս է խոչընդոտվում է փողոցի հին ասֆալտը քերելու պատճառով, երեւի մի երկու ամիս էլ նոր ասֆալտը կփռեն:
Բայց, գլխավորը իհարկե այն է, որ գոնե որակով փռեն: Իսկ այդ առումով, անհասկանալի է, թե ինչ հարց է լուծում Տարոն Մարգարյանի այցը: Տարոն Մարգարյանը ասֆալտի մասնագե՞տ է, նա մի այցով կարող է որոշե՞լ, թե ինչ որակով է իրականացվում աշխատանքը:
Իսկ ավելի արդյունավետ չի՞ լինի արդյոք, եթե Տարոն Մարգարյանը այցելի ոչ թե շինհրապարակներ, այլ ասենք արդեն իսկ ասֆալտապատված եւ շահագործման հանձնված փողոցներ: Օրինակ, Դավիթ Բեկի փողոց, որը ձգվում է Էրեբունի համայնքից մինչեւ Նոր Նորք:
Այդ փողոցի նորոգումը ավարտվեց նախորդ տարվա դեկտեմբերին, փողոցը գրեթե կապիտալ նորոգվել է:
Անցել է հազիվ վեց ամիս, փողոցում արդեն բազմաթիվ կարկատաններ են, իսկ փողոցային կոյուղահորերի հատվածներն արդեն դուրս են մնացել ասֆալտի ընդհանուր մակերեսից, ու եւս մի քանի ամիս՝ դրանք արդեն կլինեն իսկական արգելափակոցներ: Փողոցում նորոգումից առաջ խողովակային աշխատանք էր իրականացվում, փորվել էր փողոցի եզրը ամբողջությամբ: Ներկայում այդ փորված մասի հատվածում արդեն ասֆալտը նստում է, եւ մի քանի ամիս անց ասֆալտն արդեն «թիկնած» կլինի, «ոտքերը վեր հանած»:
Տարոն Մարգարյանը թող այցելի այլ փողոցներ, որտեղ ընդամենը մեկ կամ երկու տարի առաջ են ասֆալտապատման աշխատանքներ կատարվել, ու թող գնահատի այդ փողոցների որակը արդեն որպես դրանցից օգտվող, ու թող անի իր եզրակացությունները, եթե կանի իհարկե:
Ասֆալտապատման աշխատանքը, ինչպես շինարարական ցանկացած աշխատանք, Հայաստանում դարձել է փող յուրացնելու, «մաքրելու», «ատկատի» լավագույն մեխանիզմներից մեկը: Որեւէ ասֆալտապատված փողոց նախնական «որակի» գոնե մի 80 տոկոսին մոտ չի մնում անգամ մեկ տարի: Մինչդեռ քաղաքապետները Տարոն Մարգարյանից առաջ էլ գնում էին շինհրապարակներ, դրա մասին պաշտոնական հաղորդագրություններ, ռեպոտաժներ եւ նույնիսկ ֆիլմեր էին պատրաստվում, բայց բավական է ընդամենը շահագործումից մի քանի ամիս անց դիտարկել որակը, ու պարզ է դառնում, որ քաղաքապետերին պարզապես խաբել են:
Թեեւ, քաղաքապետերը թերեւս իրենք էլ խաբվում են հաճույքով, քանի որ կարեւորը տվյալ պահի քարոզչությունն է՝ պաշտոնական հաղորդագրությունը, ռեպորտաժը կամ ֆիլմը, իսկ ասֆալտը՝ դե ինչն է հավերժ լուսնի տակ, որ ասֆալտը հավերժ լինի: «Սկի ես իմ տեղում չեմ մնալու, ուր մնաց մտածեմ ասֆալտի մնալու մասին», երեւի թե մտածում է յուրաքանչյուր քաղաքապետ:
