Ժողովուրդ թերթը գրում է, որ օրերս Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Հայ ազգային կոնգրեսի գրասենյակներից մեկը: Ըստ թերթի, ներկաներն Ալեքսանյանին ձեռքով բարևել են, ներս հրավիրել: Ալեքսանյանը Կոնգրեսի գրասենյակում նարդի է խաղացել, մի փոքր զրուցել ու հեռացել: «Եվ ՀԱԿ-ին, և Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին մոտ կանգնած մեր աղբյուրները մասնավոր զրույցներում հաստատեցին այս տեղեկությունը, սակայն պաշտոնական մեկնաբանություն ո՛չ ՀԱԿ Մալաթիա-Սեբաստիա համայնքի տարածքային գրասենյակից, ո՛չ էլ Ալեքսանյանից ստանալ չհաջողվեց»,- գրում է թերթը:
Դժվար է ասել՝ արդյոք զրույցը եղել է «լֆիկական օսվենցիմում» հետագա համագործակցության, թե այլ հարցերի շուրջ: Չի բացառվում նաեւ, որ Սամվել Ալեքսանյանը փորձել է տեղեկանալ, թե ինչ է անելու Կոնգրեսը իր «կալվածքում», որպիսին Մալաթիա-Սեբաստիան է:
