Ժառանգություն կուսակցության համագումարում ելույթ է ունեցել կուսակցության անդամ Դանիել Իոաննիսյանը: Իոաննիսյանը նշել է, որ Ֆեյսբուքում հարցում է անցկացրել, թե մարդիկ ում կցանկանային տեսնել որպես Ժառանգության պատգամավոր: Հարցման արդյունքում ըստ հերթականաության ամենաշատ ձայները հավաքել են Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, Լարիսա Ալավերդյանը, Արմեն Մարտիրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Իզաբելլա Աբգարյանը, Արման Մուշեղյանը, Ալիկ Արզումանյանը:
Նա անդրադարձել է այն փաստին, որ չնայած խմբակցության աննախադեպ հինգ տարվա գործունեությանը, հսկայական աշխատանքին, կուսակցությունը գրեթե նույնքան ձայն է հավաքել, որքան հինգ տարի առաջ: Իոաննիսյանի խոսքով, չնայած ողջ ընտրախախտումներին, իրենք իրենց սխալ քայլերով ջուրն են գցել այդ աշխատանքը:
«Եկեք փորձենք այնպես անել, որ սխալներն այլեւս չկրկնվեն: Եկեք այնպես անենք, որ խորհրդարան գնացող խմբակցությունը գոնե պայքարի այնպես, ինչպես եղել է նախորդ խմբակցությունը», ասել է նա՝ հուսալով, որ Ազատ դեմոկրատների պատգամավորներն այնպես կպայքարեն, ինչպիսի ավանդույթներ ձեւավորել են նախորդ խմբակցության պատգամավորները՝ որպես քաղաքացու պատգամավոր:
