Նորաշեն-2007 սպառողական կոոպերատիվի գործունեությունից տուժած բնակիչներից 8-ի բնակարանները շարունակում են գտնվել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի և նրա ամուսնու` Արտաշատի տարածքային հարկային տեսչության նախկին պետ Դավիթ Բեգլարյանի տնօրինության տակ:
Հիշեցնենք, որ Երևանի Գևորգ Չաուշի 14/3 հասցեում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով Նորաշեն-2007 սպառողական կոոպերատիվի ղեկավարությունը դեռևս 2007 թվականին գումարներ էր հավաքել շենքում բնակարան գնելու ցանկություն ունեցող անձանցից: Սակայն կանգնելով ֆինանսական խնդիրների առաջ` կառուցապատող ընկերությունը սկսել էր կիսակառույց բնակարանները գրավ դնելով տոկոսով գումարներ վերցնել տարբեր անձանցից` շենքի շինաշխատանքներն ավարտին հասցնելու համար:
Բնակարաններից 14-ը գրավ են դրվել Հերիմինե Նաղդալյանի և նրա ամուսնու մոտ: Ընթացքում բնակիչներից 6-ը կարողացել են հետ վերցնել տները, իսկ 8 բնակարան դեռևս գտնվում է ամուսինների ձեռքին: Նորաշեն-2007 ՍԿ ղեկավարներ Լուսաբեկ Սամվելյանն ու Արմեն Թադևոսյանը, ովքեր ձերբակալված են, պնդում են, որ Դավիթ Բեգլարյանն ու Հերմինե Նաղդալյանը գրավադրված 14 տների դիմաց իրենց տոկոսով 300 հազար դոլար գումար են հատկացրել: Սակայն ամուսինները պնդում են, թե այդ բնակարանները գնել են` մեկ քմ-ի դիմաց վճարելով 260 դոլար:
Տուժած բնակիչներն ասում են, որ կառուցապատող ընկերությունն այն ժամանակ մեկ քմ-ն 500 դոլարով էր վաճառում, ինչու պիտի համաձայներ Նաղդալյանին ու նրա ամուսնուն 260 դոլարով վաճառել: Նույնն ասում են նաև ամբաստանյալները` պնդելով, որ Դավիթ Բեգլարյանն իրենց տոկոսով գումար է տվել: «Դատախազությունը սկզբից մի որոշում հանեց, որ վաշխառության փորձ է կատարվել, բայց իբր Դավիթ Բեգլարյանը տոկոս չի ստացել: Բայց ամբաստանյալները պնդում են, որ ամուսինները տոկոսով գումար են տվել: Հետո մի շաբաթ հետո ուրիշ որոշում է դուրս գալիս, թե իբր իրանց վրա ոչ մի հանցանք չկա»,- Lragir.am-ի թղթակցին պատմեց տուժած բնակիչներից Մխիթար Համբարձումյանը, ում բնակարանը Նաղդալյանի և նրա ամուսնու ձեռքում է:
Տուժած բնակիչները հայց են ներկայացրել դատարան` պահանջելով իրենց բնակարանները: Մխիթար Համբարձումյանը պատմում է. “Նաղդալյանն ու ամուսինը բնակիչներից փողեր են ուզել` տները հետ տալու նպատակով: Կոնկրետ ինձանից 5 000 դոլար են ուզել: Ես երկու անգամ հանդիպել եմ Հերմինե Նաղդալյանի ամուսնու հետ: Ասեց` կամ 15 000 հազար դոլարի չափով փող տամ քեզ, հրաժարվի բնակարանից, կամ էլ դու ինձ 5 000 դոլար տուր, որ տունը տամ քեզ: Ես չհամաձայնեցի, որովհետև ժամանակին կառուցապատող ընկերությանը 23 000 դոլար եմ տվել` բնակարան գնելու համար, ինչու պիտի հիմա 8 000 դոլար տուժեմ”:
Ավելի վաղ խաբված բնակիչները տեղեկացրել էին, որ գործին խառնված են նաև այլ պաշտոնյաներ: Նրանք մասնավորապես հնչեցրել էին Պետեկամուտների կոմիտեի իրավաբանական ծառայության պետ Ռազմիկ Ավագյանի անունը: Ըստ բնակիչների` նախքան կոոպերատիվի ղեկավարության ձերբակալությունը, տոկոսով գումար տվող պաշտոնյաները չէին թաքցնում, որ տոկոսի դիմաց են վերցրել այդ բնակարանները: Կառուցապատող ընկերության ղեկավարության նկատմամբ քրեական գործ հարուցելուց հետո տոկոսով գումար տվողները սկսել են հայտարարել, թե բնակարանները գնել են:
Այսօր տուժած բնակիչներից 25-ը պայքարում են իրենց բնակարանները հետ ստանալու համար:
