Ինչ կանի Տարոնն առաջիկա գիշերներին

  • Ներքին կյանք - 16 Մայիսի 2012, 14:39

Երեւանի բնապահպանական եւ քաղաքաշինական հակասահմանադրականությամբ մտահոգ քաղաքացիները ահազանգում են, որ Աբովյան փողոցում բուտիկներից ազատված հատվածում հնարավոր է սրճարանի կառուցում կամ տեղադրում, ինչը նշանակում է, որ հանրային տարածքը կրկին ծառայելու է ինչ որ մեկի գրպանին:

Երեւանի քաղաքապետարանն առայժմ չի անդրադարձել ահազանգին եւ չի հաստատել կամ հերքել սրճարան կառուցելու ծրագիրը:

Դա նշանակում է, որ հավանական է սրճարանը քաղաքապետարանի գիշերային նվերը լինի սիրելի երեւանցիներին: Երեւանի քաղաքապետարանն օրինակ այդպես վարվեց Մաշտոցի պուրակում, երբ գիշերվա քողի տակ վեր հառնեցին բուտիկները, որպեսզի քաղաքացիական պայքարի ակտիվիստները կանգնեն փաստի առաջ:

Բայց, քաղաքացիները չհամակերպվեցին փաստի հետ, եւ բառիս բուն իմաստով կանգնեցին փաստի առաջ՝ փաստը ապամոնտաժելու վճռով եւ այն ի կատար ածելու հաստատակամությամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին նույնիսկ հարկ եղավ ոստիկանության օգնությանը դիմել եւ խնդրել, որպեսզի ոստիկանները կանգնեն իր փաստի եւ քաղաքացիների օրինական պահանջի միջեւ:

Ոստիկանությունը շաբաթներ շարունակ կանգնեց օրենքի ու ապօրինության միջեւ, մինչեւ որ չեկավ Սերժ Սարգսյանն ու հարցը չլուծեց «գեղեցիկ» ձեւով: Այլ տարբերակ իհարկե չէր էլ մնացել, որովհետեւ իշխանությունը կանգնել էր կամ քաղաքացիների, կամ բուտիկների հարցը լուծելու ընտրության առաջ:

Ի պատիվ իշխանության պետք է ասել, որ կատարվեց ողջախոհ ընտրություն, թեեւ ամեն գնով փորձ անելով այն տեղավորել ոչ թե իրավականության, այլ գեղարվեստականության շրջանակում:

Բայց, այդ բացը թերեւս կլրացնեն պուրակի համար պայքարող ակտիվիստները, որոնք բոլոր հնարավոր ատյաններում հետամուտ կլինեն խնդրի իրավական հանգուցալուծմանն ու Մաշտոցի պուրակում թույլ տրված անօրինականության հեղինակներին պատասխանատվության առաջ կանգնեցնելուն:

Չի բացառվում, որ քաղաքապետարանը Աբովյան փողոցում սրճարանի խնդիր է ստեղծում քաղաքացիներին պուրակի համար պայքարի իրավական շղթայի շարունակությունից շեղելու համար:

Չի բացառվում, որ քաղաքացիները մի առավոտ արթնանան, ու տեսնեն, որ Տարոն Մարգարյանը բուտիկների օրինակով սրճարան է կառուցել գիշերը, եւ ինքն էլ ասենք զբաղեցրել սեղաններից մեկը:

Պետք է պատրաստ լինել այդօրինակ զարգացման: Թեեւ, քաղաքապետարանն էլ թերեւս պետք է Մաշտոցի պուրակի պայքարից գիտակցած եւ հասկացած լիներ, որ քաղաքացիները չեն նահանջելու« եւ այլեւս անիմաստ է գիշերային ավանտյուրաների դիմելը: Մեկ է, վերջում «տգեղ» բան է ստացվելու« եւ Տարոն Մարգարյանը ստիպված է լինելու համաձայնել, որ «ճաշակ» չունի:

Չի բացառվում իհարկե, որ Մարգարյանն այդ ամենը լավ էլ գիտակցել է, պարզապես ստիպված է բուտիկների սեփականատերերից որեւէ մեկին փոխհատուցել Մաշտոցի պուրակից նահանջի համար:

Բայց, քաղաքապետը թերեւս պետք է գիտակցած լիներ նաեւ այն, որ միեւնույն է, քաղաքացիները թույլ չեն տալու այդօրինակ փոխհատուցում, իսկ վերջում ինչպես միշտ հատուցելու է Տարոն Մարգարյանը: Մինչդեռ, նա բավական երիտասարդ գործիչ է եւ թերեւս չարժե, որ Մարգարյանն այդքան երիտասարդ լինելով, այդքան շատ անգամներ հատուցի ամբողջ համակարգի համար: Չէ որ համակարգում կան առավել ստաժավոր, փորձառու եւ նույնիսկ տարեց անհատներ: Թող մի քիչ էլ նրանք հատուցեն Տարոնի փոխարեն: