Չորրորդ ինքնիշխանություն թերթը գրում է, որ երեկ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը արտակարգ ռեժիմով խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ մարզպետներից մի քանիսի հետ: Վերջինս իր ենթականերից որոշներին, մասնավորապես Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանին` Լիսկային, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեդյանին` Լոնդիկին, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին` Գիզիրին, ու Արազածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին ընդունել է առանձին-առանձին ու հրահանզել, որ մարզային բոլոր տիպի կիսատ մնացած խնդիրները հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտին հասցնեն:
Բացի այդ, Արմեն Գեւորգյանը մարզպետներին խստիվ զգուշացրել է, որ որևէ մի մարզից այլևս իր ականջին խոսակցություններ չհասնեն հետընտրական գործընթացների ու բնակիչների հետ ունեցած «անհամ» պարտք ու պահանջների մասին, որոնք այսօր քաղաքական դաշտում լուրջ շահարկումների թեման են դարձել: Իսկ հանդիպման ավարտին փոխվարչապետը իրեն յուրահատուկ տոնով մարզային իշխանիկներին հասկացրել է, որ որևէ մեկի մտքով չանցնի միջնորդությունների մակարդակով իրենց տեղերում մնալու կամ այլ աշխատանքի անցնելու հետ կապված քայլեր ձեռնարկել, գրում է թերթը:
