ԱԺ ընտրություններին Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում ՀՀԿ-ի պարտությունն այս կուսակցության ներսում լուրջ քննարկումների առիթ է դարձել: Բանն այն է, որ որեւէ մեկը չէր սպասում Գյումրիում ԲՀԿ հաղթանակին նաեւ համամասնական ընտրակարգով: Գյումրիում ՀՀԿ-ն ստացել է մոտ 14 հազար 660 ձայն, իսկ ԲՀԿ-ն՝ 26 հազար 600: ՀՀԿ-ն մոտ 12 հազար ձայնով պարտվել է հանրապետության երկրորդ քաղաքում: Ու սա այն դեպքում, երբ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն ընդգրկված է ՀՀԿ համամասնական ցուցակում, իսկ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ՀՀԿ համամասնական ցուցակում լինելուց բացի նաեւ ղեկավարում էր ՀՀԿ մարզային շտաբը, չհաշված՝ այն անսահմանափակ վարչական ռեսուրսները, որոնց տիրապետում է ՀՀԿ-ն. գրեթե բոլոր առանցքային պաշտոններն այս մարզում եւս ՀՀԿ ձեռքում են:
Մոտ 12 հազար ձայնով ԲՀԿ-ին պարտվելը ՀՀԿ ներսում լուրջ ռազբորկաների պատճառ է դարձել: Խոսակցությունները, ինչպես պնդում են մեր աղբյուրները, նախ եղել են տեղական մակարդակով, հետո ամեն ինչ տեղափոխվել է Երեւան, այն էլ՝ բավական բարձր մակարդակով:
Երբ ՀՀԿ կենտրոնական գրասենյակից Վարդան Ղուկասյանից, որպես քաղաքապետի ու ՀՀԿ մարզային շտաբի ղեկավարի, պարզաբանումներ են պահանջել, նա սկսել է մեղքը գցել մարզի մյուս պաշտոնյաների ու մասնավորապես մարզպետի վրա:
ՀՀԿ-ում էլ հանել են համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներն ու սկսել են քննարկել: Պարզվել է՝ մարզպետ Աշոտ Գիզիրյանը ՀՀԿ-ին հազիվ է փրկել խայտառակ պարտությունից, այն էլ՝ գյուղերից ստացված ձայների հաշվին:
Ինչպես փոխանցում են ՀՀԿ մեր աղբյուրները, Շիրակի մարզում ընտրությունների արդյունքները վերլուծելիս պարզվել է ուշագրավ պատկեր. Գյումրիում ՀՀԿ-ն ստացել է մոտ 14 հազար 660 ձայն, իսկ ԲՀԿ-ն՝ 26 հազար 600 ձայն: Առանց Գյումրիի՝ Շիրակի մարզի մյուս բոլոր համայնքներում ՀՀԿ-ն հաղթել է, մասնավորապես՝ ստացվել է հետեւայլ պատկերը՝ մոտ 31 հազար 500 ձայն ստացել է ՀՀԿ-ն, 17 հազար 50 ձայն՝ ԲՀԿ-ն: Իսկ ողջ Շիրակի մարզում, այդ թվում եւ Գյումրիում, ՀՀԿ-ն ստացել է ավելի քան 46 հազար, ԲՀԿ-ն՝ 43 հազար 600 ձայն: Այսինքն՝ այստեղ ՀՀԿ-ն կարողացել է հաղթել մոտ 3 հազար ձայնի առավելությամբ, ու դա այն պատճառով, որ Գյումրիում ՀՀԿ-ն 12 հազար ձայնով պարտվել է ԲՀԿ-ին:
Հիմա ՀՀԿ-ում տարակուսած են՝ ինչպես են նման արդյունքներ ստացվել: Տեսակետ կա, որ ընտրակաշառքի համար բաժին հանված գումարները չեն հասել իրենց հասցեատերերին, մասնավորապես՝ Վարդան Ղուկասյանը գումարները չի բաժանել: Իսկ թե ինչ է եղել, դա էլ որեւէ մեկը չգիտի: Մեր տեղեկություններով, քննարկվում են նաեւ այլ վարկածներ:
Ինքը՝ Վարդան Ղուկասյանը, այս կապակցությամբ մամուլի ասել է, թե «թույլ էին ու պարտվեցին»:
Ասում են՝ այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու, եւ առաջիկայում չի բացառվում, որ Ղուկասյանը հրաժեշտ տա քաղաքապետի իր պաշտոնին. մանավանդ որ աշնանը սպասվում են ՏԻՄ ընտրություններ նաեւ Գյումրիում:
