Մեր տեղեկություններով, Արարատի մարզի մի շարք համայնքապետեր հնարավոր է պաշտոնանկ արվեն ընտրություններին ցույց տված արդյունքների պատճառով: Բանն այն է, որ ՀՀԿ-ն այստեղ քիչ ձայներ է ստացել, եւ, մեր տեղեկություններով, այս օրերին ՀՀԿ ներկայացուցիչները մարզում «ռեւիզիա» են սկսել: Նրանք համեմատում են համայնքապետերի պարտավորությունները եւ նրանց բաժանված փողը: Նրանք, ովքեր պլանավորածից պակաս ձայներ են ապահովել, զրկվելու են պաշտոնից: Բացի այդ, նրանցից հետ են ուզում բաժանված փողի այն մասը, որն «ապահովված» չէ քվեներով:
Մասնավորապես, պաշտոնանկություն է սպառնում Արարատի քաղաքապետ Աբրահամ բաբայանին, որին, ըստ ՀՀԿ մոտ կանգնած աղբյուրի, տրվել է 80 միլիոն դրամ, սակայն քաղաքապետն ապահովել է ընդամենը 40 միլիոն դրամի ձայն, եւ նրան կասկածում են մնացյալ գումարը գրպանելու եւ ԲՀԿ օգտին աշխատելու մեջ:
Նույնը փաստացի կատարվում է այլ մարզերում եւս: Շարունակվում են մարզպետների պաշտոնանկության մասին խոսակցությունները, մասնավորապես Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի: Ըստ տարբեր խոսակցությունների, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին կփոխարինի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
