Նախքան խորհրդարանական ընտրությունները Երևանի Կենտրոնի նախկին Լալայանց փողոցի (Հյուսիսային պողոտա) բնակիչներին հրավիրել են Երևանի քաղաքապետարան և խոստացել լուծում տալ նրանց խնդիրներին: Հիշեցնենք, որ այս թաղամասի բնակիչները շարունակում են բողոքել իրենց բնակարանների դիմաց համարժեք փոխհատուցում չստանալու համար:
«Կանչեցին, կամիսիա կազմեցին, իբր թե մեր հարցը լուծում են: Մեզ ասեցին, մինչև ընտրությունները կտանք ձեր մնացած գումարները: Բայց խաբեցին, որ մենք չգանք էստեղ կանգնենք, չգոռանք, չգոչենք: Նորից խաբված ենք, էլ ոչ էլ կանչում են: Ամեն անգամ էս կառավարությունը մեզ խաբելով հասցրեց էս օրը, որ 8 տարի 5 ամիս ա` պայքարի մեջ ենք»,- Lragir.am-ի թղթակիցն պատմեց տարածքի նախկին բնակիչ Գոհար Ասատրյանը:
Բնակիչները պահանջում են, որպեսզի իրենց տների դիմաց համարժեք փոխհատուցում հատկացնեն: Քաղաքային իշխանությունները դեռևս 4 տարի առաջ նրանց խոստացել էին, որ կվերանայեն փոխհատուցման չափը, այնուհետև տարածքի ընտանիքներից 7-ին կանչել ու դարձյալ գումար են տվել: Նրանցից մեկն էլ Գոհար Ասատրյանն է, ով ասում է, որ խոստացել էին մեկ քմ տարածքի համար 800-1000 դոլար գումար տալ իրենց, այն դեպքում, երբ 2007 թվականին տները քանդելու ժամանակ մեկ քմ-ն 210 դոլար էին գնահատել:
«Չորս տարի առաջ օգնությունը տվեցին, բայց արդեն դոլարի կուրսն իջել էր: Եթե տները քանդելու ժամանակ կուրսը 564 դրամ էր, 4 տարի առաջ իջել էր 317 դրամ էր դարձել: Ստացվեց, որ մեկ քմ դիմաց 420 դոլար փոխհատուցում տվեցին: Սպասեցին դոլարը կուրսն իջավ, նոր օգնություն տվեցին»,- դժգոհեց տարածքի նախկին բնակիչ Սվետլանա Եղիազարյանը:
Նա նույնպես այն կարիծիքին է, որ Երևանի քաղաքապետարանը հերթական անգամ իրենց խաբել է: «Շշուկներ կային, որ քանի որ շատ հյուրեր կան քաղաքում ընտրությունների կապակցությամբ, էստեղ պետք է մարդ չհավաքվի, կանչեցին, որ մեզ լռեցնեն»,- ասում է նա:
Սվետլան Եղիազարյանը պատմեց, որ Երևանի կենտրոնում գտնվող 140 քմ տարածքով իր 4 սենյականոց բնակարանի դիմաց իրենց ընդամենը 30 հազար դոլար փոխհատուցում են տվել: «Էդ փողով հազիվ 1 սենյականոց տուն եմ առել Ավանում, էն էլ վատ վիճակում: Մնացած փողն էլ տվել եմ տունը վերանորոգելուն»,- ասաց նա:
Տարածքի ավելի քան 60 ընտանիքներ դժգոհ են իրենց տրված փոխհատուցման չափից: Նրանք ասում են, որ կենտրոնում գտնվող տների մեկ քմ-ն հաշվելով 210 դոլար` իրենց ծաղրել են: Բնակիչներն այսօր դարձյալ բողոքի էին դուրս եկել կառավարության շենքի դիմաց: «Մեն պահանջում ենք, որ մեր տների գնի տարբերությունը հետ տան: Իրանց օգնությունն էլ պետք չի, թող դնեն հաշվեն, մեր փողերը հետ տան»,- ասում են մարդիկ:
