Հայաստանի Հանրապետությունում ավարտվեց խորհրդարանի ընտրության քվեարկությունը: Քվեարկությունը մեկնարկել էր մայիսի 6-ի առավոտյան ժամը 8-ից եւ ընթացել մինչեւ երեկոյան ժամը 20-ը, ինչպես սահմանված է ընտրական օրենսդրությամբ: Ամբողջ օրվա ընթացքում տեղեմասերից ստացվում էին տեղեկություններ տարբեր բնույթի խախտումների, ընդհուպ տարբեր ֆիզիկական բախումների մասին: Համատարած էին ընտրակաշառքների մասին տեղեկությունները, որ ըստ աղբյուրների՝ բաժանում էին կոալիցիոն եռյակի կուսակցությունները:
Մայիսի 6-ի ընտրության մասնակիցների ամբողջական տեղեկությունը դեռեւս բացակայում է, սակայն օրվա ընթացքում ԿԸՀ պարբերաբար հրապարակած տվյալներից պարզ է, որ մասնակցությունը բավական բարձր ցուցանիշ կկազմի խորհրդարանի ընտրության համար: Մասնավորապես, ԿԸՀ ժամը 17-ի տվյալով արդեն իսկ մասնակցել էր ընտրողների 51,53 տոկոսը՝ ավելի քան 1 միլիոն 300 հազար մարդ:
Այժմ տեղամասերում սկսվում է ձայների հաշվման գործընթացը: Այն կշարունակվի ամբողջ գիշերվա ընթացքում եւ արդեն գուցե գիշերը ուշ, կամ մայիսի 7-ի առավոտյան կլինի ընտրության ամբողջական արդյունքի նախնական պաշտոնական պատկեր:
