Ընտրությունների վերահսկման միասնական շտաբում մամուլի ասուլիս է տալիս շտաբ այցելած Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Վարդան Օսկանյանը: Նա նշել է, որ եթե միասնական շտաբի եռյակը՝ ՀՅԴ, ԲՀԿ, Կոնգրես, համատեղ գործի, ապա կարող է շատ արդյունքի հասնել ընտրության ընթացքում տեղի ունեցած խախտումները արձանագրելու հարցում:
Տեր-Պետրոսյանին հարցրել են, արդյոք հավանական համարում է հետընտրական ցնցումները: Նա հարցրել է, թե ինչ է ցնցումը: Լրագրողները բերել են 2008-ի մարտի իրադարձության օրինակը: Տեր-Պետրոսյանը նշել է, որ այդ հարցը պետք է տալ իշխանությանը, որովհետեւ իրենք օրինակ 2008 թվականին արել են բացառապես խաղաղ հանրահավաքներ, ինչը նաեւ միջազգային դիտորդներն ու դիվանագետներն են արձանագրել:
Երբ Վարդան Օսկանյանին էլ հարցրել են 2008-ի իրադարձությունների մասին, նա պատասխանել է. «եկեք անցյալի մասին չխոսենք, այլ ներկայի եւ ապագայի»:
Վարդան Օսկանյանին նաեւ հարցրել են ՀՀԿ-ԲՀԿ մրցակցության մասին, ընտրության ընթացքում փոխադարձ միջադեպերի մասին: Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ բնական է, որ ԲՀԿ-ն այսօր իշխող կուսակցության հիմնական մրցակիցներից մեկն է եւ իշխող կուսակցությունն ամեն ինչ անելու է այդ մրցակցությունում հաղթելու համար:
Տեր-Պետրոսյանն էլ շարունակելով թեման, փորձել է բացատրել ՀՀԿ-ԲՀԿ մրցակցության էությունը: Նա նշել է, որ ՀՀԿ-ն սովոր էր, որ ԲՀԿ-ն լինի կրտսեր եղբոր դերում, իսկ հիմա, երբ ԲՀԿ-ն ուզում է անկախ քաղաքականություն վարել եւ իր ուրույն տեղն ունենալ խորհրդարանում, ՀՀԿ-ն արդեն չի հանդուրժում:
