Ազատության հրապարակում սկսվել է Հայ ազգային կոնգրեսի եզրափակիչ նախընտրական հանրահավաքը: Դրան մասնակցում է Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով վերջին օրերին չէր մեկնում մարզերի քարոզարշավի, քանի որ վատառողջ էր, եւ բժիշկները հորդորել էին ձեռնպահ մնալ այցերից:
Հանրահավաքը վարում է ՀՀՇ նախագահ, թիվ 4 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանը: Նա նշել է, որ նախընտրական արշավի կեսից սկսված դրսեւորվեց ժողովրդի մասնակցության մի նոր որակ, մարդիկ հաղթահարեցին վախը, հասկացան, որ իրենք են իրենց ճակատագրի որոշողը, եւ դրա վկայությունն այսօրվա բազմամարդ հանրահավաքն է, հայտարարել է Արամ Մանուկյանը:
Նա ասել է, որ մայիսի 6-ը հայ ժողովրդի, քաղաքացու հաղթանակի օրն է լինելու: “Ապրի մեր ժողովուրդը, ապրի Հայ ազգային կոնգրեսը, ապրի ընդդիմությունը”, հայտարարել է Արամ Մանուկյանը:
Արամ Մանուկյանը հայտարարել է, որ իրենց մոտ կան խախտումների ցուցակներ, որոնցում կան տեղեկություններ տարբեր տեղերում գրանցված անձանց մասին, ընտրակաշառք բաժանող անձանց մասին: Արամ Մանուկյանը հայտարարել է, որ իրենք ունեն տվյալներ եւ զգուշացնում են, որ այդ բոլոր մարդկանց հայտնաբերելու են եւ նրանց քրեական պատասխանատվության ենթարկեն:
Առաջինը ելույթ ունեցել է Աշոտ Սարգսյանը: Նա իր ելույթը սկսել է անեկդոտով. “Ում ես ձայն տալու: Պատասխան՝ Հանրապետականին: Դե լավ, չես ուզում մի ասա”: Աշոտ Սարգսյանը նշել է, որ Հայ ազգային կոնգրեսի “Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին” կարգախոսը իր ազդեցությունն է ունեցել հասարակության մոտ: Նա նշել է նաեւ, որ Հանրապետականի “Հավատանք, որ փոխենք” կարգախոսի մեջ կոդ է դրված, որը բացվում է “հավատափոխենք”:
Աշոտ Սարգսյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունը խեղել է հայ ժողովրդի 1500-ամյա արժեքները: Ըստ Աշոտ Սարգսյանի, մեր արժեքները ասում են՝ մի գողացիր, մի ստիր, մի սպանիր, սակայն ստեղծված համակարգը թե գողանում է, թե ստում, թե սպանում:
