Սերժ Սարգսյանն, այցելելով Մաշտոցի պուրակ, խաչ է քաշել երիտասարդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի քաղաքական կարիերայի վրա: Նա, իհարկե, 20 անգամ հայտարարել է, որ Տարոնը ճիշտ է եղել, սակայն գործնականում ասել է, որ Տարոնը ճիշտ չի եղել:
Սերժ Սարգսյանն արդեն առաջին անգամ չէ, որ հարվածի տակ է դնում Տարոնին, հնարավոր է, անկեղծորեն աջակցելով նրան: Սկզբում նա նրան քաղաքապետ չնշանակեց, երբ Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց: Այն ժամանակ ասացին, որ Տարոնը չափազանց երիտասարդ է մայրաքաղաքը նրան հանձնարարելու համար: Մի քանի ամիս անց Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո, ամեն դեպքում, Տարոնին քաղաքապետ նշանակեց: Ճիշտ է, նա ասաց, որ հույս ունի՝ Տարոնը կարդարացնի իրենց հույսերը: Սերժ Սարգսյանը մինչ այժմ քաղաքապետի հետ հրապարակային խոսում է «դու»-ով՝ կարծես ընդգծելով նրա տարիքը եւ նաեւ այն, որ վաղ են վստահել նրան:
Նման վերաբերմունքը խանգարում է Տարոն Մարգարյանին լուրջ քաղաքապետ երեւալ: Նա չի կարողանում դուրս գալ Սերժ Սարգսյանի «հայրական խնամակալությունից» եւ ինքնուրույն որոշումներ կայացնել:
Սակայն ամենամեծ «հարվածը» եղավ Մաշտոցի պուրակի պատմությունից հետո: Նույնիսկ երբ պարզ դարձավ, որ կրպակների շինարարության դեմ քաղաքացիական շարժումը չի մարում, այլ, ընդհակառակը, թափ է հավաքում, Սերժ Սարգսյանը չմիջամտեց: Նա տեսավ, որ բոլոր հարվածներն ընկնում են Տարոնի վրա, որ միայն նրան են մեղադրում, բայց ոչինչ չարեց երիտասարդ քաղաքապետին պաշտպանելու համար:
Հնարավոր է, Տարոնը չի դիմում Սերժ Սարգսյանին՝ փորձելով ինքնուրույն դուրս գալ իրավիճակից, սակայն նա էլ հասկացավ, որ նախագահը, փաստացի, «քաշում է» իրեն: Ըստ ամենայնի, ինչ-որ պահի, երբ պարզ դարձավ, որ մայիսի 6-ին նույնպես ապամոնտաժման փորձ է լինելու, Տարոնը գնաց նախագահի մոտ եւ ասաց այն, ինչ մտածում է:
Հնարավոր է, նա չի ասել, որ իրեն հարվածում են, այլ բողոքել է, որ մենակ են թողնում խնդիրների հետ, համենայն դեպս, դա լիովին տեղավորվել է Սերժ Սարգսյանի «հայրական» վերաբերմունքի մեջ, ով իբր փրկեց «հոգեզավակին»:
Սակայն իրականում Սերժ Սարգսյանը խաչ քաշեց Տարոնի կարիերայի վրա: Նա, փաստացի, ասաց, որ վերջինս չի արդարացրել վստահությունը, որ նրան դեռեւս վաղ է նման բաներ վստահել: Տարոնին շատ ժամանակ կպահանջվի, որպեսզի վերականգնի սոլիդ կերպարը եւ հեղինակությունը: Հնարավոր է, դրա համար նրան թայմ-աութ է պետք, եւ լավագույն միջոցը կարող է հրաժարականը դառնալ, որը թույլ կտա երիտասարդ գործչին ուժ ու փորձ հավաքել վերադառնալու համար:
