Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ Անդրանիկ Ղուկասյանն այսօր Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած բանավեճի ժամանակ Օրինաց երկիր և Բարգավաճ Հայաստան կուսակցություններին առաջարկեց դուրս գալ կոալիցիայից: «Այ, բոլորն ասում են` ընտրությունները կեղծելու են, կեղծելու են, ո՞վ ա կեղծելու: Ես առաջարկություն ունեմ, եթե Օրինաց երկիր և Բարգավաճ Հայաստան կուսակցությունները գտնում են, որ այդ ընտրությունները կեղծում ա Հանրապետականը, ես հենց հիմիվանից առաջարկում եմ և Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, և Օրինաց երկիրը կուսակցությանը` դուրս եկեք այդ կոալիցիայից, թող մնա մենակ, տեսնենք, ո՞նց ա կեղծելու: Թե չէ ինչ ա ստացվում, կոալիցիան կա, բայց ասում են` կեղծելու են: Ո՞վ ա կեղծելու»,- ընդգծեց նա: ՀԿԿ անդամը նշեց, որ եթե այս ընտրություններն էլ կեղծվեն, ապա երկրի վիճակն էլ ավելի է վատանալու: Ըստ նրա` ժողովրդի մեջ այսօր հավատ չի մնացել:
ԲՀԿ անդամ Էլինար Վարդանյանն էլ նշեց, որ ԲՀԿ-ն արդեն մեկ քայլ արել է. «ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի հետ միացել ենք ընտրությունների գործընթացի արդար վերահսկողության նախաձեռնությանը»: ԲՀԿ անդամի խոսքով` եթե այս ընտրությունները կեղծվեն, ապա երկրի սոցիալ-տնտեսական վիճակն էլ ավելի կվատանա, արտագաղթի ցուցանիշը կաճի:
«Նախորդ 5 տարիներին յուրաքանչյուր տարի Հայաստանն ավելի մեծ անկում է ունեցել սոցիալ-տնտեսական և մյուս ոլորտներում, կոռուպցիայի չափերը մեծանում են, վարչական վերահսկելությունը պակասում է, անպատժելիությունը մեծանում է, տնտեսության մեջ խորանում են մենաշնորհները, արտագաղթի տեմպերը մեծացել են: Ոչ մի նախադրյալ չկա, որ գալիք տարիներին մեզ սպասվում է շրջադարձ, և երկիրը կսկսի զարգանալ»,- նման դիտարկում արեց ՀՅԴ անդամ Արտյուշա Շահբազյանը: Նա նշեց, որ նախորդ տարի 120 հազար մարդ է լքել երկիրը: «Երբ ՀՀԿ-ի ցուցակը հրապարկվեց, մենք անմիջապես հասկացանք, որ չկա երկրում փոփոխություններ կատարելու մտադրություն»,- ընդգծեց Շահբազյանը:
Բանավեճին թեև հրավիրված էր, սակայն չէր մասնակցում ՀՀԿ-ն, հետևաբար հնչեցված մեղադրանքները մնացին անպատասխան:
