Որքան նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին այնքան քաղաքական ուժերն ու թեկնածուները բարեհոգի ու բարեգործ են դառնում:
Իրեն Հայաստանի ամենասրտացավ ու ընտրողին նվիրված մարդկանցից մեկն էլ թիվ 21 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Ալեքսան Պետրոսյանն է համարում: Մարդը հատիկ առ հատիկ, տուն առ տուն հետաքրքրվում է մարդկանց պարտքերով, վարկերով ու լույսի-գազի վարձերով, ու այդպես անհատական մոտեցումով աջակցում նրանց գումարային տեսքով:
Մեր հավաստի տեղեկություններով, վարկերի ու պարտքերի մարման հարցում ՄԱՊ-ի Ալիկը օգնել է իր շտաբի պետի, միևնույն ժամանակ փեսայի գյուղի՝ Լուկաշինի բնակիչներից մի քանիսին, անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում, մարդ են, խեղճացել են, թեկնածուն էլ՝ ես քեզ, դու ինձ տարբերակով օգնության ձեռք է մեկնել:
Պետրոսյանի բարեհոգության ձգտումը հասավ մինչև դպրոցներ, վերջին զանգի արարողությունների ծախսերը վերցրեց իր վրա, դա դեռ քիչ էր՝ Շենավանի շրջանավարտներին էլ խոստացավ (իր բառերով) մի մի հատ «սոտվի հեռախոս»:
Պետրոսյանը մտավ Արմավիր քաղաք ու 5 տարի անց հանկարծ նկատեց, որ գերեզմանատունն ու հարակից տարածքները ջրից խեղճանում են, ծառ ու ծաղիկը չորանում, հողն էլ անապատ է դառնում, եկավ տեսավ ու հարցը լուծեց հենց քարոզարշավի մեկնարկից երկու օր անց, ասաց՝ ընտրակաշառք չի, բարեգործություն է:
Ու բարեգործությունների շարքը շարունակելի է: Շարունակվեց, Պետրոսյանը Արմավիր քաղաքի թիվ 8 միջնակարգ դպրոցին էլ ջրով ապահովեց, մի խորքային հոր էլ այստեղ հորատեց ու շնորհակալությունների մի ամբողջ փաթեթով հրաժեշտ տվեց: Դպրոցի անձնակազմն էլ ջուրը տեսավ ու հասկացավ, որ Պետրոսյանից լավ թեկնածու Արմավիրում չկա: Պետրոսյանը մանկապարտեզների երեխաներին էլ հասցրեց ուրախացնել, տեսել էր Արմավիր քաղաքի բոլոր մանկապարտեզներն էլ խաղալիքների պակաս ունեին, ու քարոզարշավն է մեղավոր, որ 5 տարին մեկ անգամ է լինում, եթե ավելի հաճախ լիներ՝ խաղալիքներ մանկապարտեզներին Ալեքսան Պետրոսյանը ավելի շուտ կնվիրեր ու խոսակցություններից էլ կխուսափեր, ստիպված չէր լինի ասել, թե երեխեքին խաղալիք նվիրելը ընտրակաշառք չի:
Ինչ որ տեղ Ալեքսան Պետրոսյանը ճիշտ է՝ մանկապարտեզի երեխան հո ընտրող չի, որ խաղալիքն էլ ընտրակաշառք լինի, բայց երբ գործին խառնվում են մանկապարտեզների աշխատակիցներն ու ծնողներին ասում Ալեքսան Պետրոսյանն է ձեր երեխաներին խաղալիք տվողն ու ինքն էլ պետք է լինի մեր պատգամավորը, արդեն ամեն ինչ փոխվում է, դե եթե չփոխվի էլ՝ ոչինչ, Արմավիրի քաղաքապետը գործին կխառնվի ու հատիկ հատիկ մանկապարտեզներով կպտտվի, բոլոր ծնողներին ստիպողաբար կկանչի ու կասի, որ Ալիկին պետք է ձայն տրվի: Այդպես էլ եղավ քաղաքապետը մտավ մանկապարտեզ, ասելիքն ասաց ու գնաց, իսկ ո՞վ կհակառակվի մեծն քաղաքապետի խոսքին՝ երեխային մանկապարտեզում տեղ չի լինի, մեկ է՝ ցանկացողները շատ են, երեխեքին տարիներով հերթագրում ու սպասում են տեղ բացվելուն:
Հ.Գ. Ալիկ Պետրոսյանի բարեգործությունների պտուղներն ի հայտ կգան ընդամենը երեք ամիս հետո, երբ 20 դրամով ՄԱՊ գործարանը գյուղացիներից լոլիկ կմթերի, գումարն էլ Աստված գիտի, թե երբ կվճարի:
