Մեր ունեցած տեղեկություններով, Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում ՀՀԿ-ի գործերն այնքան էլ լավ չեն: Այստեղ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված ՀՀԿ-ական Ալեքսան Պետրոսյանին (ՄԱՊ-ի Ալիկ) ժողովուրդը, մեղմ ասած, չի սիրում: Չնայած ՀՀԿ-ական գյուղապետերն ամեն ինչ անում են, որպեսզի Ալեքսան Պետրոսյանի նախընտրական հանդիպումներին հնարավորինս շատ մարդ մասնակցի, սակայն գյուղացիները համարյա չեն գնում այդ հանդիպումներին: Օրերս մարզի Սարդարապատ գյուղում նախընտրական հանդիպումը կիսադատարկ դահլիճում է անցկացվել: Սա այն դեպքում, երբ նախընտական հանդիպումից ժամեր առաջ գյուղապետարանի աշխատակիցները տնետուն ընկած և զանգերով իրազեկել են բնակչությանը, թե «Ալիկը ժողովի է հրավիրում»:
Բանն այն է, որ գյուղացիները վիրավորված են ՄԱՊ-ի Ալիկի պահվածքից, քանի որ նա երբեք չի օգնել մարդկանց, իր գործարանում միշտ էլ գյուղմթերքը «ջրի գնով» է մթերել: Մարդիկ չեն մոռացել, թե ոնց էին խաղողի ու պոմիդորի բերքը հավաքում և օրերով հերթի կանգնում «ՄԱՊ» գործարանի դիմաց: Իսկ մի քանի օր անց, երբ արդեն գյուղմթերքը կորցնում էր իր որակական հատկանիշները, գործարանի ղեկավարությունը հայտարարում էր, թե հազիվ կարողանան էժան գներով այն մթերել: Ալեքսան Պետրոսյանը սեփական խաղողի այգիներ ունի և գյուղացու խաղողի վրա վերջին տարիներին այլևս ուշադրություն չի դարձնում:
Չնայած դրան, ՀՀԿ-ականները, այդ թվում` պատգամավոր Նահապետ Գևորգյանը, ամեն ինչ անում են, բոլոր լծակները գործի են դրել, որպեսզի հաղթի Ալեքսան Պետրոսյանը:
