Ասա ով է վարչապետդ

    • Ներքին կյանք - 26 Ապրիլի 2012, 12:49

Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հերքել է “Հրապարակ” թերթի տեղեկությունը, թե ԲՀԿ-ն վարչապետի պաշտոնի համար քննարկել է տարածքային կառավարման ներկայիս նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի թեկնածությունը: Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, թե այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանն, ու ԲՀԿ-ն զբաղվում է բացառապես խորհրդարանական ընտրություններով:

Այստեղ իհարկե էականն այն չէ, թե որքանով է իրականությանը համապատասխանում թերթի տեղեկությունը, կամ ինչ նպատակ է այն հետապնդում: Էականն այստեղ այն է, որ Բարգավաճ Հայաստանի անդամը հայտարարում է, թե բացառապես խորհրդարանական ընտրություններով են զբաղված:

Բայց միթե դա հակասում է վարչապետի թեկնածություն դիտարկելու գործընթացին: Առավել եւս, եթե նկատի ունենանք, որ ԲՀԿ կազմում խորհրդարանական ընտրություններով զբաղված գործիչներից մեկը՝ կուսակցական համամասնական ցուցակի երկրորդ համար Վարդան Օսկանյանը, հայտարարում է, որ ներկայիս ընտրությամբ Հայաստանը երկու կարեւոր խնդիր պետք է լուծի՝ խորհրդարանի, եւ մեկ էլ կառավարության ձեւավորում:

Այսինքն, կառավարության հարցը ԲՀԿ գործիչն ուղղակիորեն կապում է խորհրդարանի ընտրության հետ, ինչը նաեւ տրամաբանական է, քանի որ Հայաստանում խորհրդարանական մեծամասնությունն է հավանության արժանացնում կառավարության ղեկավարի թեկնածությունն ու կազմը:

Հետեւաբար, ոչ միայն Բարգավաճ Հայաստանը, այլ նաեւ մնացյալ բոլոր կուսակցությունները Հայաստանում պետք է խորհրդարանի ընտրության գործընթացի բաղկացուցիչ մաս դարձնեն կառավարության խնդիրը, կառավարության իրենց տեսլականը, եւ նաեւ ներկայացնեն կառավարության իրենց կազմերը կամ առնվազն վարչապետների թեկնածուներին:

Այդ իմաստով, որեւէ տարօրինակ բան չկա եւ չի կարող լինել, առավել եւս եթե կուսակցության լիդերներից մեկը հրապարակավ բարձրացնում է կառավարության ձեւավորման խնդիրը, որ ընտրությանը մասնակից քաղաքական ուժը դիտարկի վարչապետության թեկնածուների:

Ավելին, Հայաստանում թերեւս պետք է հասնել այնպիսի քաղաքական մշակութային մակարդակի, որ խորհրդարանի ընտրությանը մասնակից ուժերը ընտրարշավից առաջ հանրությանը ներկայացնեն ոչ միայն իրենց համամասնական ցուցակներն ու մեծամասնական թեկնածուներին, այլ նաեւ կառավարության հարաբերական կազմերը կամ առնվազն վարչապետների անունները:

Իհարկե կարելի է քննարկել՝ պարտադրել օրենքով այդօրինակ բան, թե ոչ, բայց քաղաքական մշակույթի առումով թերեւս պետք է հասնել այնպիսի ավանդույթների ձեւավորման, որ հանրային ընկալման մեջ առավելություն ստանան այն ուժերը, որոնք հնարավորին լիարժեք կադրային կազմով կներկայանան ընտրողին՝ խորհրդարանի եւ հնարավոր կառավարության ներառյալ: Դա կնպաստի քաղաքական պատասխանատվության առավել հստակ եւ կայուն ինստիտուտի ձեւավորմանը: Ի վերջո, դա թերեւս էլ ավելի կդեմոկրատացնի քաղաքական գործընթացը եւ փոքր ինչ ավելի վերահսկելի կլինի հասարակության համար: