ՀՅԴ եւ նրա հետ հայ-թուրքական արձանագրությունների դեմ միավորված մեկուկես տասնյակ կուսակցություններն ու կազմակերպությունները հունվարի 11-ին, Սահմանադրական դատարանում հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության հարցի քննարկման նախօրեին, անցկացրին հանրահավաք եւ հետո երթ դեպի Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանին հանձնվեց նամակ հանրահավաքի անունից, որտեղ ներկայացված են այն իրավական հիմքերը, որոնք նամակի հեղինակների կարծիքով բավարար հիմք են հայ-թուրքական արձանագրությունները Սահմանադրությանը չհամապատասխանող, կամ մասամբ չհամապատասխանող ճանաչելու համար: Հանրահավաքը տեւել է շատ կարճ, ելույթ են ունեցել միայն ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը, ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն ու ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Հանրահավաքը վարող Հրայր Կարապետյանն ասել է, որ հավաքվել են հայ-թուրքական արձանագրություններին ոչ ասելու, նախապայմաններին ոչ ասելու, Հայ դատը մերժող քաղաքական ուժերին ոչ ասելու: Հրայր Կարապետյանը հայտարարել է, որ չեն ճանաչում Թուրքիայի տարածքային ամբողջությունը: Հանրահավաքից հետո սկսել է ջահերով երթը դեպի Սահմանադրական դատարան, որի առաջ նույնպես հնչել են հայ-թուրքական արձանագրությունները, դրանցում առկա հակահայկական նախապայմանները քննադատող եւ մերժող ելույթներ, եւ հանրահավաքի անունից նամակ է հանձնվել Սահմանադրական դատարանին, որը հունվարի 12-ից սկսում է հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության հարցի քննարկումը: Դաշնակցությունը հունվարի 12-ի առավոտյան ժամը 10-ից պիկետ է սկսելու Սահմանադրական դատարանի դիմաց:
ՈՉ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՆԸ /վիդեո/
- Ներքին կյանք - Երկուշաբթի, 11 Հունվարի 2010, 18:01
