Ինչ վիճակ է մաքսակետերում, վարչապետի հանձնարարականից հետո

    • Ներքին կյանք - 16 Մայիսի 2018, 21:52
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր մաքսակետերում կրճատել ապրանքների մաքսազերծման գործընթացը և անհարկի քաշքշուկներ չստեղծել ներկրողների համար:

Lragir.am-ը զրուցել է ներկրումներով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե ինչ իրավիճակ է մաքսակետերում:

Սալիկների ներմուծմամբ զբաղվող «Սերարփ» ՍՊԸ ներկայացուցիչ Արգիշտի Սիմոնյանը նկատում է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մաքսազերման գործընթացը հեշտացվել ու արագացվել է:

«Նախկինում մաքսազերծումը կարող էր տևել երկու ժամ, իսկ այսօր՝ 20-30 րոպե: Բացթողնման ռեժիմը մոտ երկու անգամ կրճատվել է, թղթաբանությունն է կրճատվել: Ասում են՝ անգամ կոռուպցիայի հետ կապված հարցերը չեն քննարկվում մաքսային մարմինների կողմից», նշեց նա:

Արգիշտի Սիմոնյանի խոսքով՝ ժամանակը շատ կարևոր է գործարարի համար: Բացի այդ, աշխատանքների ձգձգումը նաև լրացուցիչ ծախս էր գործարարների համար, քանի որ ապրանքը մի քանի օր ավելի էր մնում պահեստում՝ իր հետ բերելով լրացուցիչ ծախս:

«Առաջ արհեստական ձգձգումները շատ էին, մի թղթի համար ասում էին՝ գնան ըստեղ-ընդեղ: Հնարավոր է մաղարիչ էին ուզում հարցը լուծելու համար»,- նշեց նա:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «Իքս արթ» ընկերությունը զբաղվում է համակարգչային տեխնիկայի ներկրմամբ: Ընկերության փոխտնօրեն Արմենակ Քոչինյանը նշում է՝ մեկ ամիս առաջվա համեմատ մաքսակետերում իրավիճակը բարելավվել է, բայց 3 տարի առաջվա համեմատ հետընթաց կա՝ կապված Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ: Նա նշում է, որ կան ոլորտներ, որոնք մենաշնորհային են, այստեղ մարդիկ ներկրման գործընթացում դրական զարգացումներ են նկատում: Իսկ ՏՏ ոլորտը համեմատաբար բաց է եղել, իրենք նախկինում էլ առանձնապես դժվարությունների առաջ չեն կանգնել ներկրումներ անելիս:

«Բայց մյուս ոլորտներում ներկրողներն ու բրոքերներն այս օրերին ասում են՝ արագացել է, լավ է, գոհ են մաքսավորների աշխատանքից»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Արմենակ Քոչինյանը:

Նա ուշադրություն է հրավիրում այլ խնդրի վրա՝ ԵՏՄ մաքսային օրենսդրությունը խնդիրներ է ստեղծում ՏՏ ոլորտի ներկրողների համար:

«Կոնկրետ մեր ոլորտի համար ԵՏՄ անդամակցությունը սոսկալի հետևանքներ ունեցավ: Մոտ 3-4 տարի առաջ մենք ապրանքը մաքսազերծում ու բերում էինք, ոչ մի խոչընդոտ չկար: Կրկնում եմ՝ մեր ոլորտում, քանի որ մենաշնորհներ չկան, խնդիրների առաջ չէինք կանգնում: ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, երբ օրենսդրությունը փոխվեց, ամեն ինչ փոխվեց: Ամբողջ խնդիրն այն է, որ ԵՏՄ մաքսային օրենսդրության ամբողջ ողնաշարը կոռուպցիոն ռիսկերն են՝ տարբեր գերատեսչություններից թույլտվություններ, լիցենզիաներ են անհրաժեշտ: Մեր ներկրած 10 ապրանքից 8-ը լիցենզավորվող ապրանքներն են, իսկ դա նշանակում է դիմում ԱԱԾ-ին, կապի և տրանսպորտի նախարարություն: Գումարներ չկան, բայց 15 աշխատանքային օր է դա կազմում, իսկ դա մեծ ժամանակ է գործարարի համար: Եթե նախքան ԵՏՄ մտնելը ես բեռը Հայաստան մտնելուց հետո ստանում էի երրորդ օրը, հիմա, եթե 20-25 օրվա ընթացքում ստանամ, դա համարվում է լավ ցուցանիշ»,- ասաց գործարարը:

Իսկ ժամանակի երկարաձգումը, ըստ Քոչինյանի, հանգեցնում է ներդրված գումարների սառեցմանը, մաքսային պահեստներին ավելի շատ գումարներ տալուն:

Լիցենզավորման գործընթացը ևս ԵՏՄ շրջանակներում բարդացել է:

«Եթե մենք ներմուծում ենք ապրանք, այն պահանջում է լիցենզիա, մենք դիմում ենք ԱԱԾ, ստանում ենք լիցենզիա: Թվում է, թե եթե ես երկու օրից նույն արտադրողից նույն ապրանքը նույն գնով, նույն խմբաքանակով ու ճանապարհով ներմուծեմ, արդեն դրա համար ունեմ լիցենզիա: Բայց, ոչ, լիցենզիան տրվում է տվյալ քանակի ու ինվոյսի համար միայն, հաջորդ խմբաքանակի համար նոր լիցենզիա պետք է ձեռք բերես»,- դժգոհեց գործարարը:

Ամենաընթերցվածը