Ոչ ֆորմալ իշխանական բուրգը չի քայքայվել ու անցել է հակահարձակման. Այսօր արդեն դա հստակ տեսանք

    • Ներքին կյանք - 16 Մայիսի 2018, 19:07
Քաղաքագետ Միքայել Զոլյանից Lragir.am-ը հետաքրքրվել է, թե ինչպես է գնահատում միաժամանակ Հայաստանի տարբեր հատվածներում բողոքի ցույցերը։ Մասնավորապես քաղաքապետարանի մոտ աննախադեպ էր, երբ դուրս էին եկել նաև Տարոն Մարգարյանի կողմնակիցները և վանկարկում էին՝ Տարոն, վարչապետ.

«Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես ՀՀԿ-ական վերնախավն այսպես ասած ուշքի է եկել, վերադասավորել է իր շարքերը, անցել պաշտպանական նոր դիրքերի: Եվ անգամ, գուցե, հակահարձակում է նախապատրաստում: Պետք է հասկանալ, որ Հայաստանում ֆորմալ իշխանությունը, այո, փոխվել է: Բայց վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանում ձևավորվել էր նաև ոչ ֆորմալ իշխանական բուրգ, որը չէր երևում, բայց որի գլխին դարձյալ Սերժ Սարգսյանն էր ՀՀԿ հետ միասին: Այժմ Սարգսյանն ու ՀՀԿ-ն կորցրել են ֆորմալ իշխանությունը, բայց այդ ոչ ֆորմալ իշխանական բուրգը չի քայքայվել: Մենք այսօր դա հստակ տեսանք քաղաքապետարանի օրինակով, համոզվեցինք, որ այս կամ այն ձևով ՀՀԿ-ականները կարող են որոշակի զանգված մոբիլիզացնել: Այսօր Փաշինյանի իշխանությունը պետք է կարողանա ցույց տալ, որ իրական իշխանությունն այլևս իր ձեռքում է: ՀՀԿ-ն հիմնականում կազմված է այնպիսի մարդկանցից, որոնք միշտ գտնվում են ուժեղի կողքին, և այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն չի կազմալուծվում, խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանն առայժմ ունի լուրջ լծակներ՝ երկրի վրա ազդելու: Եթե դրան նաև գումարենք այն, որ կան հսկայական սպասումներ նոր իշխանությունից, որոնք բնականաբար նոր իշխանությունն ի վիճակի չէ արագ արդարացնել, հասկանալի է դառնում, որ ՀՀԿ ռևանշը, որքան էլ այն այսօր անհավանական է թվում, ամենևին էլ չի կարելի բացառել»։

Ամենաընթերցվածը