Տաքսիստները փակել են Բաղրամյան փողոցի մի մասը. մի քանի խմբեր ցույց են անում վարչապետի նստավայրի մոտ

  • Ներքին կյանք - 16 Մայիսի 2018, 14:59
Բաղրամյան փողոցում՝ վարչապետի նստավայրի մոտ միանգամից մի քանի խմբեր բողոքի ակցիաներ են անում: Այստեղ են զինկոմիսարիատների աշխատակիցները, ովքեր բողոքում են ոլորտի օպտիմալացման դեմ: Նրանց խոսքով՝ եթե օպտիմալացումն իրագործվի, 400 մարդ կմնա գործազուրկ:

Տաքսիների վարորդները փակել են փողոցի մեկ շարքը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունն են հրավիրում ոլորտի լիցենզավորման խնդիրների վրա: Տաքսիստները պահանջում են վերանայել լիցենզավորման կարգը, խստացնել, որպեսզի այն տարածվի բոլոր վարորդների վրա: Նաև պահանջում են, որպեսզի տեսախցիկներից գոյացած տուգանքները չեղյալ արվեն, կարմիր գծերը հանվեն:

Ավտո ներկրողների միության անդամները ևս եկել են վարչապետի նստավայրի մոտ բողոքի: Նրանք դժգոհում են, որ մեքենա ներկրելիս իրենց ընդամենը 10 օր են տրամադրում՝ մաքսազերծում իրականացնելու համար: Այնինչ, ըստ վարորդների, դա շատ սուղ ժամանակահատված է:

«Դու չես կարող հասցնել ԱՄՆ-ից ներկրած ավտոն ներմուծես, վերանորոգես, վաճառես ու արագ մաքսազերծես: Հարևան Վրաստանում 90 օր է այդ աշխատանքների համար, մեզ գոնե 30-40 օր տրամադրեն, ավտոմեքենաները վաճառենք, հետո նոր հարկերը վճարենք»,- ասում են նրանք:

Բողոքի ակցիայի մասնակից խմբերը պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ամենաընթերցվածը