Գևորգ Կոստանյանն այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում

  • Ներքին կյանք - 15 Մայիսի 2018, 16:49

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն այս պահին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Կոստանյանն ընդգծեց, որ արտահերթ ընտրություններն ինքնանպատակ չեն, դրանք պետք է լուծեն քաղաքական խնդիր: «Իսկ եթե քաղաքական իրավիճակը և դասավորվածությունն այնպիսին է, որ և ընդդիմության, և իշխանության գործողություններն ուղղված են երկրի բարօրությանը, իմ խորին համոզմամբ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց պատգամավորը` հավելելով, որ եթե  քաղաքական նպատակահարմարություն լինի, բոլոր դեպքերում արտահերթ ընտրությունները իրավական հիմքերի տեսակետից պետք է անցկացվեն:

Հարցին, թե ո՞րն է համարում քաղաքական անհրաժեշտություն, որի դեպքում հասկանալի կլինեն արտահերթ ընտրությունները, Կոստանյանն արձագանքեց. «Օրինակ` լինի խորհրդարան-կառավարության հակադրություն: Քաղաքական հակասություն եթե չկա, անհրաժեշտություն էլ չկա: Եթե կառավարությունն ու Ազգային ժողովը իրար հետ համակարգված աշխատում են, ու եթե պետք է խորհրդարանի լուծարման հիմքեր ստեղծելը լինի ինքնանպատակ, ես դրան գնահատական չեմ կարող տալ: Եթե դա արվում է ուղղակի արվելու համար, առանց հակասության առկայության, ես դրա պատասխանը չեմ կարող տալ»:

Կոստանյանը նաև նշեց, որ հիմա խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցությունը խնդիր չի դրել` կուսակցությունն իշխանություն ո՞ւնի, թե՞ չունի: «Մենք խնդիրը դրել ենք, թե այսօր մեր երկրի համար ինչն է լավ, ինչն է վատ: Հիմա բացարձակ որևէ նշանակություն չունի, թե որ կուսակցությունը կլինի իշխանության կամ ով կլինի վարչապետ: Մենք բոլորս հասկանում ենք մի բան, որ անկախ քաղաքական իրավիճակից, եթե մեր կառավարությունը` ի դեմս Նիկոլ Փաշինյանի կամ  այլ անձի ձախողվեց, ուրեմն ձախողվում է նաև երկիրը: Հետևաբար, ես վստահ եմ, որ ՀՀԿ խմբակցությունը չի կարող անել մի բան, որը կհանգեցնի կառավարության ձախողմանը: Որովհետև կառավարության ձախողումը մեր երկրում` անկախ նրանից, թե ով է կառավարության կազմում և ով է վարչապետը,  հանգեցնելու է երկրի համար լրջագույն խնդիրների: Ես անձամբ իմ և խմբակցության անունից էլ կարող եմ վստահ ասել, որ որևէ մեկը երբեք որևէ բան չի անի մեր երկրին վնաս տալու համար»,- եզրափակեց պատգամավորը:

Ամենաընթերցվածը