ՀՀ գլխավոր դատախազը գործադիր իշխանության փոփոխությունը իր հրաժարականի հիմք չի համարում

  • Ներքին կյանք - 15 Մայիսի 2018, 14:28

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկրում գործադիր իշխանության փոփոխությունը գլխավոր դատախազի հրաժարականի հիմք չի համարում՝ շեշտելով, որ դատախազությունն անկախ մարմին է: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազը, անդրադառնալով իր հրաժարականի մասին խոսակցություններին, ընդգծեց, որ պետական ինստիտուտների մեջ ստեղծվում են անկախ մարմիններ, որոնց համար սահմանվում է դրանց կազմավորման, գործունեության անկախության համար երաշխիքներ:

«Գլխավոր դատախազի համար սահմանված է Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ով ընտրությունը: Այս կառուցակարգերը պատահական չեն: Դրանք հենց նրա համար են, որ այդ մարմինները լինեն անկախ: Եվ լինեն անկախ առաջին հերթին գործադիր իշխանությունից: Հիմա մեր երկրում փոխվել է գործադիր իշխանություն, սակայն եթե գործադիր իշխանության փոփոխությունը պետք է անպայման բերի անկախ մարմինների ղեկավարների փոփոխության, ուրեմն կարծում եմ, որ մենք կոտնահարենք անկախության երաշխիքները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Դավթյանը: 

Նա հավաստիացրեց, որ ինքը երբեք քաղաքական կախվածություն չի ունեցել, չունի և հետագա իր աշխատանքի ընթացքում էլ չի ունենա:

Ամենաընթերցվածը