Սուրեն Պապիկյանը կոչ է անում դադարեցնել փողոցներ փակելով հարցեր բարձրացնելը, քանի որ կառավարությունն արդեն հասանելի է

  • Ներքին կյանք - 14 Մայիսի 2018, 18:27
Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է վերջին օրերին քննարկվող մի շարք հարցերի և երկրում ծավալվող որոշ իրադարձությունների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Պապիկյանը նախ նշեց, որ տարբեր մարդկանց անուններ են հնչում, թե իբր այդ մարդիկ պատրաստվում են շարժման կողմից նշանակվել մարզպետներ` հիշեցնելով, որ ըստ ՀՀ Սահմանադրության, մարզպետներին նշանակում է կառավարությունը՝ վարչապետի առաջարկությամբ:

«Ինչպես մյուս նշանակումները, վստահ եղեք, որ ՀՀ վարչապետը կկատարի ճիշտ ընտրություն եւ դուք կունենանք այնպիսի պաշտոնյաներ, որոնք ամենայն պատասխանատվությամբ կկրեն իրենց ուսերին դրված բեռը: Այն խնդիրները, որ փորձում են առաջացնել, իրականության հետ կապ չունեն: Չեմ ուզում անդրադառնալ, թե ինչ անձերի շուրջ կան խոսակցություններ»,-ասաց նա:

Պապիկյանը նշեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում տարբեր քաղաքացիներ շարժման անունից հանդես գալով գնում են գյուղապետարաններ եւ պահանջում նրանց հրաժարականը. «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ շարժման օրակարգում այդպիսի քայլեր չկան: Բոլոր նրանք, որոնք առանց մեզ հետ համաձայնեցնելու կատարել են նման քայլեր, հորդորում եմ դադարեցնել ստահոդ տեղեկությունների տարածումը»:

Նախարարն անդրադարձավ նաեւ գյուղացիներից կաթի մթերման գների նվազեցման դեմ բողոքի ակցիաներին, երբ գյուղացիները փակում են ճանապարհներ: «Երեկ եւ առաջին օրը առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մոտ ունեցանք խորհրդակցություններ՝ կաթի գնի հետ կապված: Արժանին պիտի մատուցենք այն տնտեսվարողներին, որոնք լսելով փոխվարչապետի հորդորը, գնացին զիջման եւ հայտարարեցին, որ կաթի գինը կմնա նույնը: Խնդրում եմ այլեւս դադարեցնել փողոցների փակման միջոցով նմանատիպ հարցերի հնչեցումը, որովհետեւ այս կառավարությունը այլեւս հասանելի է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու: Շուտով կունենանք նաեւ մարզպետներ, եւ խնդրանքս է՝ դիմել մեզ եւ խնդրի կարգավորումը օրինական ճանապարհով տեղի կունենա: Մենք ձեր բոլոր խնդիրներին կփորձենք հնարավորինս օպտիմալ ձեւով լուծում գտնել»,- ասաց նախարարը:

Մայիսի 14-ին մի խումբ քաղաքացիներ փակել էին Երևան-Վանաձոր ճանապարհը` այդպիսով իրենց դժգոհությունը հայտնելով կաթի մթերման ցածր գների վերաբերյալ: Մայիսի 13-ին ՀՀ առաջին փոխվարչապետ արարատ Միրզոյանը հանդիպումների շարք էր անցկացրել կաթ մթերող ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչների հետ:

Ամենաընթերցվածը