Սերժ Սարգսյանն ապրիլին օտարերկրյա որևէ առաջնորդի հետ Հայաստանում արտակարգ դրություն մտցնելու հարց չի քննարկել. Նաիրի Պետրոսյան

  • Ներքին կյանք - 14 Մայիսի 2018, 17:08

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլին վարչապետի պաշտոնը զբաղեցնելու օրերին օտարերկրյա որևէ առաջնորդի հետ երկրում արտակարգ դրություն սահմանելու հարց չի քննարկել: «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը` արձագանքելով Reuters գործակալության հոդվածին, թե հրաժարականի մասին հայտարարելուց մեկ օր առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել ռուսաստանցի պաշտոնյաների, ինչպես նաև իր թիմի անդամների հետ և քննարկել երկրում արտակարգ դրություն մտցնելու հնարավորությունը:

«Որպես Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար կցանկանայի հայտնել Մարգարիտա Անտիձեին (Reuters-ի հոդվածի հեղինակն է-խմբ.), որ 2018-ի ապրիլին Հայաստանում ծավալված իրադարձությունների ժամանակ Սերժ Սարգսյանը որևէ երկրի առաջնորդի հետ չի քննարկել արտակարգ դրություն սահմանելու հարցը»,- նշում է Նաիրի Պետրոսյանը:

Reuters գործակալությունը, իր դիվանագիտական աղբյուրին հղում անելով, գրել էր, թե ապրիլի 22-ին՝ իր հրաժարականի մասին հայտարարելուց մեկ օր առաջ, ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել ռուսաստանցի պաշտոնյաների, ինչպես նաև իր թիմի անդամների հետ և քննարկել երկրում արտակարգ դրություն մտցնելու հնարավորությունը:

Ամենաընթերցվածը