Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են սպասվում. գերակշռում են անկուսակցական թեկնածուները

  • Ներքին կյանք - 14 Մայիսի 2018, 14:01

Հայաստանի 6 մարզի 19 համայնքներում 2018 թ. հունիսի 10-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՏԻմ ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերում: 8 համայնքում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 7 համայնքում` միայն ավագանու անդամի և 4 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: 

Համայնքի ղեկավարի թեկնածուների մեծ մասն անկուսակցական է, խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն ունի ընդամենը 4 թեկնածու, որոնցից երկուսն առաջադրվել են նույն համայնքում: Եվս 4 թեկնածու առաջադրել է ԲՀԿ-ն, որոնցից միայն մեկն է կուսակցության անդամ: Մեկական թեկնածու առաջադրել են «Քաղաքացիական պայմանագիր» և Հայաստանի կոմունիստական կուսակցությունները:

Արագածոտնի մարզի Անտառուտ համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն  համայնքի գործող ղեկավար ՀՀԿ-ական Հովիկ Զաքարյանը և անկուսակցական Կարեն Սարգսյանը:

Արագածոտնի մարզի Դավթաշեն համայնքի ղեկավարի թեկնածություն է առաջադրել 4 թեկնածու` անկուսակցական Կարեն Աթաբեկյանը, անկուսակցական Գևորգ Հովհաննիսյանը, Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Հովսեփյանը և անկուսակցական, համայնքի գործող ղեկավար Գրիգոր Վարդանյանը:

Արագածոտնի մարզի Դպրեվանք համայնքում թեկնածություն է առաջադրել երկու թեկնածու` անկուսակցական, համայնքի գործող ղեկավար Արամայիս Կասաբովը և անկուսակցական Հովիկ Կոդաբաշյանը:

Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարի երեք թեկնածու: Թեկնածություն են առաջադրել համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ական Թաթուլ Գրիգորյանը, անկուսակցական Լյովա Հովհաննիսյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդգես Ներսիսյանը:

Արարատի մարզի Այգեզարդ համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել է 5 թեկնածու: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն անկուսակցական Ազատ Ավետիսյանը, անկուսակցական Վահե Հարությունյանը, անկուսակցական, համայնքի գործող ղեկավար Արթուր Մանուկյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արամ Մանուկյանը և անկուսակցական Վահագն Սարգսյանը, որի թեկնածությունն առաջադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարի 6 թեկնածու: Թեկնածություն են առաջադրել անկուսակցական, համայնքի գործող ղեկավար Արսեն Բազիկյանը,  անկուսակցական Վարդգես Դվոյանը, անկուսակցական Վահագն Խաչատրյանը, անկուսակցական Վահե Նիկողոսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Պետրոսյանը, անկուսակցական Գևորգ Քարամյանը:

Արմավիրի մարզի Մարգարա համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է երեք թեկնածու` համայնքի գործող ղեկավար ՀՀԿ-ական Խաչատուր Ասատրյանը, անկուսակցական Հովսեփ Արամյանը և ՀՀԿ-ական Էդգար Ենոքյանը:

Գեղարքունիքի մարզի Վանեվան համայնքում ևս համայնքի ղեկավարի պաշտոնի համար 3 թեկնածու է առաջադրվել` համայնքի գործող ղեկավար անկուսակցական Նորայր Հարությունյանը, անկուսակցական Ալահվերդի Մելքոնյանը և անկուսակցական Էմին Սարգսյանը, որի թեկնածությունն առաջադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Գեղարքունիքի մարզի Տորֆավան համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն անկուսակցական Մարինե Ասատրյանը և համայնքի գործող ղեկավար անկուսակցական Ահարոն Խաչատրյանը:

Լոռու մարզի Անտառաշեն համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու` անկուսակցական Սերգեյ Բիրյուկովը և համայնքի գործող ղեկավար անկուսակցական Ռաֆիկ Խառատյանը:

Լոռու մարզի Գեղասար համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարի երեք թեկնածու` անկուսակցական Շալիկո Ավետիսյանը, անկուսակցական Վարազդատ Գրիգորյանը, որի թեկնածությունն առաջադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը,  և համայնքի գործող ղեկավար անկուսակցական Ստասիկ Հովհաննիսյանը:

Կոտայքի մարզի Գետամեջ համայնքում ևս առաջադրվել է երեք թեկնածու` անկուսակցական Զորայր Կարապետյանը, անկուսակցական Սարիկ Ղազարյանը և համայնքի գործող ղեկավար անկուսակցական Ավետիս Մուրադյանը:

Ամենաընթերցվածը