ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Ներքին կյանք - 16 Ապրիլի 2018, 14:15
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն ապրիլի 14-ին այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Վեհափառ Հայրապետն իր շնորհավորանքներն է հղել ՀՀ նախագահին երդմնակալության արարողության առիթով` վստահություն հայտնելով, որ պետական կառավարման ոլորտում նրա հարուստ փորձառությունը լավագույնս պիտի ծառայեցվի երկրի առաջընթացին` արդարացնելով ժողովրդի սպասումները թե´ հայրենիքում և թե´ Սփյուռքում:

Նորին Սրբությունը հաստատել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի շարունակի զորավիգ լինել հայրենի իշխանություններին ու ՀՀ նախագահին հայոց անկախ պետականության զորացման և առկա մարտահրավերների հաղթահարման գործում և կարելին անել ի սեր և ի բարօրություն հայրենիքի ու ժողովրդի: Վեհափառ Հայրապետը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին մաղթել է, որ երկրի և ժողովրդի ապագայի վերաբերյալ նրա տեսլականն ու իղձերն իրականություն դառնան:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Հայրապետին բարեմաղթանքների համար եւ ընդգծել, որ ՀՀ Նախագահի պաշտոնը ստանձնել է` հավատ ունենալով ժողովրդի, հայրենիքի և Հայոց Եկեղեցու հանդեպ: Նա նաև կարևորել է Եկեղեցու համախմբող դերակատարությունը:

Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետը և Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել են նաև զանազան ծրագրերի մասին։ Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ նախագահն այցելել են Մայր Տաճար:

Ամենաընթերցվածը