Ուշագրավ դրվագ ՀՀԿ նիստից

  • Ներքին կյանք - 14 Ապրիլի 2018, 22:55
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ուժերը մտադիր էին այսօր արգելափակել ՀՀԿ շենքը Մելիք-Ադամյան փողոցում: Բանն այն է, որ այսօր ՀՀԿ-ն պետք է պաշտոնապես վարչապետ առաջադրեր Սերժ Սարգսյանին: Այնուհետեւ տեղեկություն եղավ, որ նիստը անցկացվելու է Ծաղկաձորում, եւ ցուցարարները որոշեցին ժամը 16.30-ին ավտոերթ անել Ծաղկաձոր՝ շրջափակելու այն հյուրանոցը, որտեղ պետք է տեղի ունենար արտագնա նիստը:

Բայց մինչ ցուցարարները որոշում կկայացնեին, հայտնի դարձավ, որ նիստն արդեն տեղի է ունեցել, Սերժ Սարգսյանն արդեն պաշտոնապես առաջադրվել է:

Ի պատասխան Երեւանից «փախչելու» մասին հայտարարությունների՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ՀՀԿ խորհրդի նիստեր հաճախ են Ծաղկաձորում անցկացնում, եւ այս մեկն էլ բացառություն չէ: Ընդ որում, ըստ նրա, Ծաղկաձորում նիստն անցկացնելու որոշումը կայացվել է մեկ շաբաթ առաջ:

Հետաքրքիր է, որ մեկ շաբաթ առաջ, այսինքն ապրիլի 7-ին Սերժ Սարգսյանը հանդիպել էր Կարեն Կարապետյանին, որի ժամանակ բաց տեքստով ասել էր, որ վարչապետ է դառնալու: Դրանից հետո էլ Կարեն Կարապետյանն էր հանդես եկել հայտարարությամբ, որտեղ ասվում էր, որ ճիշտը Սերժ Սարգսյանին առաջադրելն է:

Մեկ շաբաթ փաստացի ՀՀԿ-ին հաջողվել է գաղտնի պահել Ծաղկաձորում նիստն անցկացնելու որոշումը, նիստի օրն ու ժամը եւ արտահոսքեր թույլ չտալ: Զարմանալի կարգապահություն: Եվ ցուցարարներն էլ են այդ մասին իմացել վերջին պահին, չնայած նրանց մեջ պատգամավորներ կան:

Նիստից արված այս լուսանկարում Կարեն Կարապետյանի ձեռքին թուղթ է, եւ երեւում է, որ այնտեղ ինչ որ տեքստ է տպված: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանին առաջադրելու տեքստն է: Միաժամանակ, երեւում են նաեւ գրիչով նշումներ, ինչը վկայում է, որ ամեն ինչ արվել է ոտքի վրա, այնքան, որ նորը չեն տպել:

Իսկ հնարավո՞ր է այս նիստը տեղի է ունեցել ավելի վաղ, բայց ՀՀԿ-ն տեղեկություն է տարածել միայն այսօր:   

Ամենաընթերցվածը