Նիկոլը փոխեց հրապարակը. Ինչ է սպասվում հետո

  • Ներքին կյանք - 13 Ապրիլի 2018, 23:48
Քայլերթով հասնելով Երեւանի Ազատության հրապարակ ու կազմակերպական հավաք անցկացնելուց հետո Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ՔՊ-ն ու մյուս խմբերը հանրահավաքը տեղափոխեցին Ֆրանսիայի հրապարակ, փակելով օպերայի մերձակա խաչմերուկն ու այդպիսով մասամբ փակելով 4 փողոց:

Նրանք ասում են, թե մարդկանց քանակից է կախված հետագա գործողությունների տարածությունը, որի նպատակն է խորհրդարանում երկու անգամ տապալել վարչապետի քվեարկությունը, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ կատարվել է առաջին քայլը, որով պետք է ընդգծվի նախորդ ընդդիմադիր պայքարների հետ տարբերությունը: Ցուցարարները հայտարարում են, որ ոչ մի վայրկյան չեն հեռանալու Ֆրանսիայի հրապարակից, որը դարձնում են շարժման հենակետ, որ մարդկանց տուն չեն ուղարկելու, մինչեւ չհասնեն նպատակին:

Ազատության հրապարակը դարձել էր պարտության, իշխանության հետ ընդդիմության գործարքների, ընդդիմադիր պայքարների անկման յուրատեսակ խորհրդանիշ, ու նաեւ ծուղակ: Բացի այդ, Ազատության հրապարակը չէր ենթադրում որեւէ գործողություն, իսկ Ֆրանսիայի հրապարակի փակումն արդեն իսկ գործողություն է եւ գործողության մեկնակետ:

Արդյոք այս քայլը շարունակություն կունենա պայքարի տրամաբանության, գաղափարախոսության ու մեթոդաբանության առումով:

Ամենաընթերցվածը