Հայ-Ռուսական համալսարանն և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը կհամագործակցեն

  • Ներքին կյանք - 28 Փետրվարի 2018, 16:13
Հայ-Ռուսական համալսարանում տեղի է ունեցել ՀՌՀ-ի և «Դասավանդի'ր, Հայաստան» կրթական հիմնադրամի միջև  համագործակցության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Համաձայնագիրը ստորագրել են ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանն և «Դասավանդի'ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր-ղեկավար Լարիսա Հովաննիսյանը:

«Ծրագրի մասնակից կարող են դառնալ բոլորը՝ անկախ մասնագիտությունից և աշխատանքային փորձից: Այն միտված է բացահայտելու երիտասարդների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը. ծրագրում ներգրավված է 71 մասնակից Հայաստանի տարբեր մարզերում»,- շեշտել է Լարիսա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն ունի երկարաժամկետ նպատակ՝  գերազանց կրթությունը հասանելի դարձնել Հայաստանում ապրող յուրաքանչյուր երեխայի համար:

Ծրագրին մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտադիմումը, որը հասանելի է  www.teachforarmenia.org կայքում:

Նա նշել է նաև, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մասնակիցները տեղաբաշխված են Հայաստանի մարզերի այն դպրոցներում, որտեղ կա համապատասխան ուսուցիչների պակաս: «Մեր կարգախոսն է՝ «Մենք կերտում ենք Հայաստանի ապագան՝ դասարան առ դասարան»։ Ծրագրի գործողության 4 տարիների ընթացքում աշակերտների մոտ արդեն նկատվել է ակադեմիական աճ, սակայն բացի երեխաների քաղած օգուտներից, ծրագիրը պատրաստում է առաջնորդների մի ողջ սերունդ: Նախքան մասնակիցներին դպրոցներ ուղարկելը, մենք վեց շաբաթյա ինտենսիվ դասընթաց ենք կազմակերպում նրանց համար»,- հայտնել է Լարիսա Հովհաննիսյանը:

Ստորագրված համաձայնագիրը ենթադրում է կողմերի միջև համագործակցություն երիտասարդ մասնագետների հավաքագրման, կրթությանն առնչվող միջոցառումների կազմակերպման և իրականացվող ծրագրերի առաջխաղացման և տարածման ոլորտներում:

Իր հերթին՝ ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանն ասել է հետևյալը. «Շատ կարևոր է, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի գործողության 4 տարիների ընթացքում աշակերտների մոտ արդեն նկատվել է ակադեմիական աճ: Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ ծրագիրը պատրաստում է նաև առաջնորդների նոր սերունդ»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ ծրագրի առաջին սերնդի մասնակիցների թվում եղել է Հայ-Ռուսական համալսարանի շրջանավարտ Գոհար Սաֆարյանը, որը երկու տարի շարունակ ապրել և աշխատել է Լոռու մարզի Ուռուտ գյուղի դպրոցում։

Այս պահին ծրագրի մեկ այլ մասնակից՝  Քնարա Տեր-Հովհաննիսյանը, ևս ՀՌՀ-ի  շրջանավարտներից է։ Նա միացել է ծրագրին 2017թ.-ին և դասավանդում է Լոռու մարզի Կողես գյուղի դպրոցում։

Ներկայումս՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ներկայացված է Հայաստանի 6 մարզի 52 գործընկեր դպրոցում: Ծրագրի առաջին սերնդի 14 մասնակից արդեն ավարտել է երկամյա ծրագիրն ու հիմնադրամի կողմից ստացել «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Կրթության հավասարության դեսպանների կոչումը, իսկ երկրորդ և երրորդ սերնդի մասնակիցները 71-ն են, որոնք աշխատում են շուրջ 5000 երեխայի հետ:

 «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն անկախ ծրագիր է, որը համագործակցում է ՀՀ կառավարության, մարզպետարանների, բոլոր համայնքների դպրոցների, համալսարանների, տեղական և արտասահմանյան կազմակերպությունների և անհատների հետ: Մոդելը, որի հիման վրա ստեղծվել է ծրագիրը, 25 տարվա պատմություն ունի։ Այն սոցիալական փոփոխության հասնելու հաջողված ծրագիր է, որը կիրառվել է աշխարհի շուրջ 47 երկրում:

ՀՌՀ մամուլի ծառայություն

Ամենաընթերցվածը