Արմեն Սարգսյանն ասել է, թե երբ կլինեն փոփոխություններ Հայաստանում

  • Ներքին կյանք - 14 Փետրվարի 2018, 13:25
Նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը մոտ օրերս Սերժ Սարգսյանին կհայտնի իր որոշման մասին, թե համաձա՞յն է ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջադրվել: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Արմեն Սարգսյանը:

«Հանդիպումը չի լինելու այնպես, որ հանդիպեմ նախագահին ասեմ՝ ընդունում եմ առաջարկը, քանի որ մեր հարաբերությունները ոչ միայն ընկերական ու բարեկամական են, նաև դեսպանի ու նախագահի հարաբերություններ են: Տվյալ դեպքում լինելու է աշխատանքային հանդիպում, լինելու են քննարկումներ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուների առաջադրումն սկսվելու է փետրվարի 18-ից:

«Անկախ նրանից, ես եմ թեկնածուն, թե ոչ, հասարակությունը հսկայական ակնկալիք ունի՝ սկսած նրանից, որ հանրության մի մեծ մասի մոտ կա իներցիոն մտածողություն, որ նախագահը մեկն է, ով ունի վերևից ներքև ուղղաձիգ իշխանություն և կարող է բոլոր հարցերին պատասխանել: Եվ կա մյուս ծայրահեղությունը, որ ասում են՝ նախագահի լիազորությունները չկան, այնքան քիչ են, որ նախագահը ոչինչ չի կարող անել: Կա մի մաս, որ ասում է՝ անպայման փոփոխությունների կարիք կա, և եթե քո լիազորությունների սահմանում ինչ-որ բան կարողանաս փոխել, լավ կլինի: Եվ կա մի մեծ զանգված, որ չի հավատում այդ փոփոխությանը, անկախ նրանից, թե ով է լինելու նախագահը: Եվ սա ինձ համար ամենացավալի երևույթն է, որովհետև ցանկացած փոփոխություն տեղի է ունենում, եթե հասարակությունը կամ քաղաքացին իրեն քաղաքացի է զգում»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Նա հավելեց, որ պատճառներն ու իրողությունները հասկանում է, թե ինչու մարդիկ չեն հավատում փոփոխություններին: Բայց չի կարծում, որ դա պատճառ է, որպեսզի մարդիկ մտածեն, թե ոչինչ հնարավոր չէ փոխել երկրում:

«Չեմ կարծում, որ կյանքում կան այդպիսի իրավիճակներ: Ամենամեծ դժվարությունը մեր երկրում լինելու է այն, որ մարդիկ նորից հույս և հավատ ունենան», նշեց Արմեն Սարգսյանը:

Ամենաընթերցվածը