790 միլիոն դրամ Երեւանի փոխքաղաքապետի որդու ընկերությանը

  • Ներքին կյանք - 14 Փետրվարի 2018, 11:50
Երևանի ավագանու երեկվա նիստում «Երկիր ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ բռնություն գործադրած ՀՀԿ-ականներից մեկը Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն է: Այս պաշտոնյան հայտնի է նրանով, որ ժամանակին ղեկավարել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, սերտ կապեր ունի ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ: Մամուլի հրապարակումների համաձայն՝  Օհանյանն այս պաշտոնին է նշանակվել, քանի որ Սամվել Ալեքսանյանի «մարդն է»:

Դավիթ Օհանյանը փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2013 թվականից, իսկ 2009 թվականից հիմադրել է «Կանաչապատ Մալաթիա» ընկերությունը, որը ղեկավարում է նրա որդին: Այս ընկերությունը, պարզվում է, լայն խողովակ է փոխքաղաքապետի ու նրա որդու հարստացման համար, քանի որ պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում ենք, որ վերջին տարիներին մշտապես հաղթում է Երևանի քաղաքապետարանի հայտարարած պետական գնումների մրցույթներում:

Երևանի բյուջեից ամեն տարի փոխքաղաքապետի որդու՝ Էդմոնդ Օհանյանի ընկերությանը հսկայական գումարներ են հատկացվում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կանաչապատ տարածքների խնամքի և աղբահանության վճարումների հաշվառման ու ընդունման հետ կապված աշխատանքների կատարման անվան տակ: Ընկերության 100 տոկոս բաժնետերը Օհանյանի որդին է:

Պարզվում է, որ վերջին 4 տարիներին՝ 2014, 2015, 2016 և 2017 թվականներին միայն կանաչապատ տարածքների պահպանման համար փոխքաղաքապետի որդու ընկերությունը, պետական գնումների մրցույթներում հաղթելով, Երևանի բյուջեից ստացել է 790 մլն դրամ կամ մոտ 1.5 մլն դոլար:

Ամենաընթերցվածը