Խուժանապետարան. Տարոն Մարգարյանի հրաժարականը

  • Ներքին կյանք - 13 Փետրվարի 2018, 20:58
Երկիր Ծիրանի կուսակցությունը եւ նրա նախագահ Զարուհի Փոստանջյանը դարձավ միակ կուսակցությունը Հայաստանում, որը կատարում է իր նախընտրական խոստումը: Կուսակցությունը խոստացել էր Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության եւ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածել, եւ վերածեց:

Չկա Երեւանի ավագանու մի նիստ, որի ընթացքում սկանդալներ չլինեն: Ընդ որում, սկանդալի է վերածվում Երկիր Ծիրանիի անդամների ամեն մի խոսքը, հայտարարությունը, արարքը: Իսկ դրանք վերաբերվում են Երեւանի իշխանության գողությանը, մսխումներին, կոռուպցիային եւ այլն:

Հետաքրքիր է՝ Երկիր Ծիրանին կկատարի՞ իր մյուս՝ համազգային ընդվզման խոստումը:

Այսօրվա սկանդալը առայժմ բարձրակետն է: ԵԾ անդամներն ավագանու նիստին կոյուղաջրերով տարաներ են բերել ու գարշահոտ տարածել դահլիճում, դրանք «մատուցելով» նաեւ Տարոն Մարգարյանին: Այդպիսով, ԵԾ-ն ցանկացել է Երեւանի իշխանության ուշադրությունը հրավիրել Նուբարաշեն համայնքում տարիներով չլուծվող խնդրի վրա, այն պայմաններում, երբ միլիարդներ են ծախսվում կասկածելի նպատակներով:

Նրանց դեմ բռնություն է կիրառվել, կանանց ծեծել են, ուժով դուրս հանել դահլիճից: Նախկինում էլ ՀՀԿ-ն կոշտ, հայհոյախառն արձագանքներ էր տալիս ԵԾ անդամներին, խուժանի մակարդակով:

Երկիր Ծիրանիի պահվածքն առանձին քննարկման նյութ է, միաժամանակ, որքան էլ տարօրինակ թվա շատերի համար, դա քաղաքական մշակույթի որոշակի ձեւ է՝ բավական կրեատիվ տեխնոլոգիաներով խնդիրները բարձրացնելու ձեւ: Իսկ ցանկացած նման տեխնոլոգիա ՀՀԿ-ի քարացած օրգանիզմի թշնամին է, որը սովոր է աչքից հեռու «քուջուջ անել կեղտի»՝ կոռուպցիայի մեջ:

Դրան կարելի է հակադրել իրավական, քաղաքական, բանավիճային ու այլ քաղաքակիրթ միջոցներ, տեխնոլոգիաներ, բայց ՀՀԿ-ի դեպքում դա տեղի չի ունենում եւ չի կարող տեղի ունենալ:

Ըստ այդմ, ՀՀԿ-ի նման արձագանքը օրինաչափ է՝ կեղտը ջրի երես է դուրս գալիս, ջրի երես հանելով նաեւ ՀՀԿ-ականների հոգու ու մտքի ողջ հմայքը:

Հատկանշական է, որ այսօրվա միջադեպից հետո ավագանին հաստատեց մի խիստ կասկածելի նախագիծ՝ 222 միլիոն դրամի արժողության:

ՀՀԿ-ն ընտրվում է փողի ու խաժամուժի միջոցով, «թերմացքը», որն արդեն սահմանագծում է խաժամուժին, մտնում է Երեւանի ավագանի: Եվ եթե խորհրդարանում մի կերպ հնարավոր է լինում պահել քիչ թե շատ պատշաճ վարք (թեեւ հայտնի չէ՝ եթե ԵԾ-ն անցներ խորհրդարան՝ ինչ կլիներ), Երեւանի քաղաքապետարանում դա անհնար է: Խոսքը նաեւ այն այսպես կոչված մտավորականների մասին է, որոնց մտցրել են ավագանի իբր սոլիդ դեմք ապահովելու համար, բայց որոնք համարձակություն չունեն դատապարտել բռնությունն ու հայհոյանքը, ավելին՝ արդարացնում են այն, այդպիսով ավելի ցածր ընկնելով:

Այսօրվա միջադեպից հետո Տարոն Մարգարյանը, եթե ունի պետական արժանապատվություն, պետք է հրաժարական տա, որովհետեւ այսօր քաղաքապետարանում տեղի ունեցավ դրա՝ որպես պետական կառույցի, փաստացի լուծարման ակտը:

Ամենաընթերցվածը