Գոռ Վարդանյանը Տարոն Մարգարյանի անձնական թիկնապա՞հն է

  • Ներքին կյանք - 13 Փետրվարի 2018, 13:51
Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ ուժ կիրառեց «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ: 

Լրագրողները հիշեցրին, որ ժամանակին Գոռ Վարդանյանն ասում էր, որ գալիս է քաղաքապետարան՝ աջակցելու Տարոն Մարգարյանին, աջակցելը ուժ կիրառե՞լն է կանանց նկատմամբ:

«Ուժ չի կրառվել, ավագանու այդ մի քանի անդամները ոչ ճիշտ պահելակերպ են դրսևորել: Այդ նյութերը բավական տհաճ հոտ ունեին, և շատերը հիմա սրտխառնոցներ ունեն: Ես ուժ չեմ կիրառել, խնդրել եմ և օգնել, որ դուրս գա դահլիճից: Բռնի ուժով չի եղել: Իսկ մարդու կամքին դեմ չի՞, որ էդ անտեր թունավոր նյութերը բերեն ու լցնեն դահլիճ»,- արձագանքեց Գոռ Վարդանյանը:

Հարցին, թե ինքը ճի՞շտ է համարում կանանց նկատմամբ ուժ կիրառելը, նա պատասխանեց, որ ճիշտ չի համարում, և ուժի կիրառում չի եղել:

Երբ լրագրողները հիշեցրին, որ Գոռ Վարդանյանը նաև ապտակել է Մարինա Խաչատրյանին, նա պատասխանեց. «Այո, ես նրան հանել եմ դուրս»:

Հարցին, թե ինքը մտավախություն ուներ, որ կարող էին այդ տարայի պարունակությունը լցնել Տարոն Մարգարյանի վրա՞, նա պատասխանեց. «Ես դա չեմ տեսել, ուղղակի զգացի, որ մարդկանց սիրտը խառնում է»:

Լրագրողները նաև հարցրին՝ Գոռ Վարդանյանը Տարոն Մարգարյանի անձնական թիկնապա՞հն է: Նա ի պատասխան հորդորեց կոռեկտ հարցեր տալ իրեն:

Ամենաընթերցվածը