Բժիշկներ Երեւանի ավագանիում. «Ոչ ադեկվատ վարքագիծ ունեն, տարեք ուսումնասիրեք»

  • Ներքին կյանք - 13 Փետրվարի 2018, 13:10
Երևանի քաղաքապետարան են ժամանել բժիշկներ, այն բանից հետո, երբ ծեծկռտուք ու վեճ տեղի ունեցավ և նիստն ընդհատվեց: Բժիշկները մոտեցան «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներին, բայց խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ասաց, որ իրենք բժշկական օգնության կարիք չունեն: Զարուհի Փոստանջյանը կոչ արեց բժիշկներին բուժօգնություն ցուցաբերել խմբակցության ՀՀԿ-ական անդամներին:

«Մենք ձեր ծառայությունների կարիքը չունենք, այստեղ վատառողջ մարդ չկա»,- ասաց Փոստանջյանը:

«Կա, ո՞նց չկա, դուք եք վատառողջ»,- Փոստանջյանին դիմեց ՀՀԿ-ականներից Նատալիա Լափաուրին: Նա նշեց, որ նորմալ մարդը չէր կարող հանրային վայրում նման գործողություններ անել: 

Հիշեցնենք, որ «Երկիր ծիրանիի» անդամները ավագանու նիստի ընթացքում Նորբարաշեն վարչական շրջանից վերցված գարշահոտ կոյուղաջրեր էին փորձել մոտեցնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

ՀՀԿ-ական տղամարդկանցից մեկն էլ դիմեց բժիշկներին. «Ոչ ադեկվատ վարքագիծ ունեն, տարեք ուսումնասիրեք»:

Հետո տղամարդկանցից մեկն էլ ասաց. «Էս դահլիճի 90 տոկոսը ձեր ներկայությամբ իրենց ապահով չեն զգում ըստեղ: Էսօր թունավորումից ենք վախենում, վաղը չգիտեմ ինչից: Ձեր ոչ բանական ու ադեկվատ վիճակը բժիշկների ստուգման կարիք ունի»:

«ՀՀԿ-ականների վախը չափեք, գնացեք»,- բժիշկներին դիմեց Զարուհի Փոստանջյանը:

«Մենք վախեցած չենք, ձեր թույնից ենք վախենում, ոչ թե ձեզանից»,- արձագանքեցին ՀՀԿ-ականները:

Ամենաընթերցվածը