Կարելի է ղեկավարել կառավարելով կամ առաջնորդելով. Արմեն Սարգսյանը ՀՀ ապագա նախագահի լիազորությունների մասին

  • Ներքին կյանք - 12 Փետրվարի 2018, 16:18

Հայաստանի hանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը համարում է, որ Հանրապետության ապագա նախագահի լիազորությունները բավականին մեծ են:

Երևանի ֆիզմաթ դպրոցում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե իրեն չի՞ մտահոգում այն, որ տարբեր օրենքներով ՀՀ ապագա նախագահին զրկում են բազմաթիվ լիազորություններից, ասաց. «Այս պահին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանն եմ և օրենքների ընդունման վրա ազդեցություն չունեմ: Ես ուշի ուշով հետևում եմ զարգացումներին և կարող եմ ասել, որ ապագա նախագահին Սահմանադրությամբ տրված են բավականին լայն լիազորություններ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սարգսյանը:

Նա հավելեց, որ Հանրապետության ապագա նախագահի պաշտոնին ինքն ավելի լայն տեսանկյունից է նայում: «Կարելի է ղեկավարել կառավարելով և կարելի է ղեկավարել առաջնորդելով: Կառավարելով ղեկավարելու դեպքում անհրաժեշտ են լծակներ, իսկ առաջնորդելու դեպքում կարելի է ղեկավարել գաղափարներով, ծրագրերով և տեսլականով»,-շեշտեց նա:

Հարցին, թե որոշում կայացրե՞լ է ՀՀ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հարցում, նա պատասխանեց, որ իր որոշման մասին կհայտնի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ հաջորդ հանդիպման ժամանակ:

Ամենաընթերցվածը