ՀՀԿ-ն մերժեց ՀՅԴ-ին. «Թե չէ վատ կլինի»

  • Ներքին կյանք - 12 Փետրվարի 2018, 12:23
ՀՀԿ-ն մտադիր չէ ընդառաջել ՀՅԴ պահանջներին ու Ընտրական օրենսգրքից հանել ռեյտինգային ընտրակարգի բաղադրիչը, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«ՀՀԿ-ն ռեյտինգային ընտրակարգի հարցը բազմիցս քննարկել է կոալիցիոն գործընկերների՝ ՀՅԴ-ի հետ: 1990-ական թվականներից նրանք այս պնդումն անում են: 2017 թվականի ընտրություններից առաջ այդ հարցը բարձրացվեց, և, եթե հիշում եք, 4+4+4 ձևաչափը, այդտեղ նույնպես Դաշնակցությունը պնդում էր այդ տարբերակը: Սակայն մենք բանակցությունների արդյունքում եկանք այն համոզման, որ այսօրվա իրավիճակում այդ ռեյտինգային համակարգն արդարացված է: Իսկ ինչ մնում է հարցին, որ հիմա նորից նրանք պնդում են իրենց նախկին տեսակետը, մենք կկազմակերպենք այդ քննարկումները: Բայց ուզում եմ կրկնել մեր դիրքորոշումը, որ այս պահին մենք նպատակահարմար ենք գտնում Ընտրական օրենսգրքի այդ կետը չհանել, որովհետև միանգամից այդպիսի թռիչքային քայլեր կատարելը կարող է վտանգել»,- ասաց Բաղդասարյանը:

Նա նշեց, որ 1990-ական թվականներից մինչ օրս մեծամասնական ընտրակարգն աստիճանաբար կրճատվեց, նախապատվությունը տրվեց համամասնական համակարգին: Արդեն 2017 թվականի ընտրություններին կատարվեց հեղափոխական քայլ, ամբողջովին անցում եղավ համամասնական ընտրակարգին՝ պահպանելով ռեյտինգային բաղադրիչը:

«Ամեն ինչ պետք է լինի ներդաշնակ, և փոփոխությունը պետք է այնպես արվի, որ ցնցումներ չլինեն: Իսկ այսօր դուք պետք է ի նկատի ունենաք, որ եթե մենք միանգամից անցնենք այդ համակարգին, կարող ենք ունենալ մարզեր, որոք ընդհանրապես Ազգային ժողովում ներկայացված չլինեն: Իսկ դուք գիտեք, որ հանրության հիմնական կապն իշխանության հետ հիմնականում լինում է պատգամավորների միջոցով», հավելեց Վահրամ Բաղդասարյանը:

Ամենաընթերցվածը