Կարեւոր ու անկարեւոր հարցերն, ըստ ՀՅԴ-ի

  • Ներքին կյանք - 12 Փետրվարի 2018, 11:52
Իրականում երկրում շատ լուրջ բաներ պետք է փոխվեն, և թող տպավորություն չլինի, թե երկրում կառավարման համակարգի փոփոոխություն չի եղել, այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Հարցին, թե այնպիսի տպավորություն է, որ սահմանադրական փոփոխությունները մեկ անձի համար են կատարվել, և իշխանության կենտրոնացումն ավելի է ուժեղանալու, Ռուստամյանը պատասխանեց, որ երբ անցնում էինք խորհրդարանական համակարգի, նպատակն էր, որ պետք է վերացվեր գերկենտրոնացված, միահեծան իշխանությունը: Եվ, նրա խոսքով, այս փոփոխություններին գնահատականներ են տրվել նաև միջազգային կառույցների կողմից, որ իսկապես Հայաստանը ժողովրդավարական քայլ է կատարել, անցում է կատարվում ապակենտրոնացված համակարգի:

Նա նշեց, որ ՀՅԴ հիմնական հարցն այս փուլում վերաբերում է կառավարության գործունեության կարգին, առընթեր մարմինների ստեղծմանը: Պետք է այնպես անել, որ  կառավարություն-վարչապետ-նախարար գործառույթները հստակ տարանջատվեն, այնպիսի վիճակ չառաջանա, որ վարչապետը փոխարինի կառավարությանը: Նախնական օրենքների նախագծերը, որ բերվել են խորհրդարան, ըստ Ռուստամյանի, կառավարության ու վարչապետի գործառույթները տարանջատում են: Առաջին անգամ արձանագրված է, որ նախարարներն իրենց ոլորտներում ինքնուրույն քաղաքականություն իրականացնելու գործառույթ ունեն, նախարարներին անվստահություն հայտնելու ինստիտուտ է ներդրվելու:

«Ես համաձայն եմ, որ կա իներցիոն մտածելակերպ, համակարգի փոփոխության նրբություններին հասարակությունը լավ ծանոթ չէ: Եվ իրենց թվում է, որ ոչինչ չի փոխվել, պահպանվել է նույն կառավարման ոճը, սոցիալական քաղաքականությունը: Այդ տպավորությունը մենք պետք է կարողանանք ցրել: Սահմանադրությունը պահանջում է նոր կառավարման ոճ», ասաց նա:

Ըստ Ռուստամյանի՝ երկրում տնտեսական կարգը պետք է ամբողջովին վերանայվի: Տնտեսությունը պետք է հենվի սոցիալական ու շուկայական տնտեսության հասկացության վրա, որն առաջին անգամ ներդրվել է Գերմանիայում: ՀՅԴ-ն փաստաթղթեր է մշակում, որպեսզի ներկայացնի տնտեսական նոր կարգի կարգավորումներ: ՀՅԴ-ն կարծում է, որ սոցիալական քաղաքականությունը պետք է փոփոխվի:

Արմեն Ռուստամյանն անդրադարձավ նաև ռեյտինգային ընտրակարգի շուրջ ՀՀԿ-ՀՅԴ հակասությանը: «Այս հարցով տարաձայնությունը գոյություն ուներ նաև մինչև կոալիցիա ձևավորելը: Այն կարգը, որն առաջարվում էր՝ ռեյտինգայինի հետ կապված, դա շեղում է համամասնական ընտրակարգի դասական մոդելից: Եվ մենք այդ հարցը երբեք մեր օրակարգից չենք հանել: Մենք շարունակելու ենք մեր դիրքորոշումն առաջ տանել, չենք կարող չտեսնելու տալ այդ հանգամանքը: Այդ համակարգի գաղափարն այն է, որ մարդ  կա, ավելի քիչ ձայնով կարող է մանդատ ստանալ, ինչը արդարացի ու ճիշտ չէ: Եթե անգամ նրանք չեն համաձայնում մեր մոտեցումներին, այդ հարցը երկար ու անընդհատ շրջանցել հնարավոր չէ: Մենք լայն դաշտ ենք թողել, որպեսզի սա վերացնելու հետ կապված բազմաթիվ լուծումներ առաջարկեն, բայց այն նորմի մեջ, որ ընտրությունները պետք է լինեն համամասնական: Սա սահմանադրական նորմ է, որի շրջանակներում պետք է հարցին լուծում տալ», ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է այս տարաձայնությունների պատճառով ՀՅԴ-ն դուրս գա կոալիցիայից, Ռուստամյանը պատասխանեց, որ այս տարաձայնությունն այնքան գերակա խնդիր չէ, որ մյուս խնդիրներից կարևոր լինի: ՀՅԴ-ն կոալիցիոն համաձայնագրով այլ հանձնառություններ էլ է ստանձնել, որոնք պարտավոր է իրականացնել: Ըստ նրա՝ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն ստանձնել են հանձնառություն՝ երկրում նոր որակի իշխանություն ձևավորելու առումով, սա ավելի կարևոր հարց է, քան մյուս խնդիրները: 

«Մենք չենք զարմանում, որ մեր ասածները միանգամից չեն ընդունվում: Բայց պայքարը, կշռադատված պայքարն ի վերջո իր նպատակին հասնում է», ասաց նա: 

Ամենաընթերցվածը