Շիրակի պետական համալսարանի դասախոսը հացադուլ է սկսել

  • Ներքին կյանք - 12 Փետրվարի 2018, 10:33
Շիրակի պետական համալսարանի Պատմության ու փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանը հայտարարել է անժամկետ հացադուլի մասին: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«ՀՀ նախագահին և վարչապետին ուղղված 2017 թվականի սեպտեմբերի 25-ի մեր բաց նամակից հետո ռեկտոր Սահակ Մինասյանը շարունակում է իր ինքնագործունեությունը` բուհը հասցնելով կատարյալ աղետի: Որոշ չինովնիկների և օրենսդիրների մինասյանապաշտպան գործունեությունը ցույց տվեց, որ Հանրապետության նախագահին հասցվող տեղեկատվությունը մեզ թվում է` միակողմանիորեն ուղղված է Մինասյանի շահերի պաշտպանությանը, այսինքն` նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվում է, մեղմ ասած, ոչ լիարժեք տեղեկատվություն, ինչը նախագահին թույլ չի տալիս ըստ էության ամբողջական գնահատել այն արհավիրքները, որոնք կատարեց Մինասյանը համալսարանում: Փետրվարի 5-ին «Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ»-ի խորհրդում ես և Գագիկ Համբարյանը, ՇՊՀ կանոնադրությունը ձեռքերիս, ցույց տվեցինք, որ դեկանների և վարիչների ընտրությունները պետք է կատարվեն ֆակուլտետների խորհուրդներում, սակայն իրեն օրենքից վեր համարող ռեկտորն առաջնորդվում է սեփական կապրիզներով և անձնական մղումներով` նշված ընտրությունները կամայականորեն տեղափոխելով գիտական խորհուրդ: Ի պատասխան ռեկտոր Մինասյանի` համալսարանի կանոնադրությունն արհամարհելու ակնհայտ որոշման` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի` հայտարարում եմ անժամկետ հացադուլ: Հարկավ, ինձ քիչ թե շատ ճանաչողները շատ լավ հասկանում են, որ նման քայլը ոչ թե հուսահատության հետևանք է, այլ բողոք, ինչի նպատակը հասարակության և պատկան մարմիների արձագանքն է Շիրակի պետական համալսարանում հերթական անգամ կատարվող անօրինականությանը: Կոչ-պահանջս ուղղում եմ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին: Պարոն նախարար, կասեցրե´ք փետրվարի 12-ին համալսարանի գիտական խորհրդում ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների ընտրությունը, ինչը հակասում է համալսարանի կանոնադրության պահանջներին, այդ ընտրությունները պետք է իրականացնեն ֆակուլտետների խորհուրդները: Ռեկտորին շահավետ, ցանկալի տարբերակով ընտրություններ իրականացնելը միանշանակ անօրինական է… Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյան»:

Ամենաընթերցվածը