Lավ լուրն, ըստ ֆինանսների նախարարի

  • Ներքին կյանք - 11 Փետրվարի 2018, 15:25
Կառավարությունը քայլեր է անում պարտք-ՀՆԱ ցուցանիշի նվազեցման ուղղությամբ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«2017 թվականին մեր առջև խնդիր էինք դրել, որ գնանք հարկաբյուջետային կոնսոլիդացիայի, ծախսերի կատարման առումով որոշակի պահպանողական քաղաքականություն դրսևորենք, որպեսզի կարողանանք ունակ լինել պարտք-ՀՆԱ ցուցանիշի աճի տեմպերը դանդաղեցնել: Եվ ուզում եմ տեղեկացնել, որ դա մեզ հաջողվեց: Մենք պարտք-ՀՆԱ ցուցանիշի աճն էապես պակասեցրել ենք, իսկ 2018 թվականին շուրջ մեկ տոկոսային կետով այդ ցուցանշը կնվազեցնենք, եթե ամբողջովին կատարենք մեր բյուջետային շրջանակը»,- ասաց նա:

Նախարարն ասաց, որ հարկերի հավաքագրման ցուցանիշը նախորդ տարի կառավարությունը գերակատարել է: Ծախսերը ևս գերակատարվել են նախորդ տարի՝ շուրջ 100 մլրդ դրամով: Կարևոր մեխն այն է, որ 30 մլրդ դրամով թերակատարվել են ընթացիկ ծախսերը, և ավելի մեծ շեշտադրում է կատարվել կապիտալ ծախսերի առումով:

«Մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի առաջին, կայուն մակրոտնտեսական միջավայր ապահովենք, երկրորդ, հենքեր ստեղծենք, որպեսզի ունենանք տնտեսական աճի ոչ թե 3-4 տոկոս շրջանակ, այլ ավելի բարձր: Ինչո՞ւ, որովհետև մի քանի անգամ շեշտել ենք, որ մեր առջև ունենք ծառացած շատ կարևոր սոցիալական խնդիրներ: Ակնհայտ է, որ չենք կարող անընդմեջ՝ 5 կամ 10 տարի չխոսել թոշակների բարձրացման մասին: Դա ճիշտ չէ, բայց մյուս կողմից պետք է վստահ լինենք, որ մեր տնտեսությունն ունի կայուն աճի տեմպեր, մենք ունակ ենք սեփական եկամուտների գեներացման միջոցով պերմանենտ բարձրացնել թոշակները»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ բյուջեն ու տնտեսությունն արկածախնդրություն չեն սիրում:

Այս տարի նախատեսված է 4.5 տոկոս տնտեսական աճ: Ֆինանսների նախարարը հիշեցնում է, որ նախորդ տարի տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.7 տոկոս կազմեց:

«Մեր գնահատականներով՝ նախորդ տարվա տնտեսական աճը 6.7-7.4 տոկոսի տիրույթում է գտնվում: Սպասենք, տեսնենք, թե մարտին ԱՎԾ-ն նախորդ տարվա տնտեսական աճի ինչ ցուցանիշ կհրապարակի: Ամեն դեպքում լավ լուրն այն է, որ մենք ունենք սպասվածից բարձր տնտեսական աճ: Ի՞նչ պետք է անենք, իհարկե, չպետք է դրանով ոգևորվենք և ասենք, որ եթե մեզ հաջողվեց սպասվածից ավելի տնտեսական աճ ապահովել, ուրեմն երաշխավորված են բարձր աճի տեմպերը: Երաշխավորված չեն, դրա համար պետք է կատարենք լրացուցիչ գործողություններ»,- նշեց նա:

Ամենաընթերցվածը