ԱՄՆ ֆինանսների նախարարը դրական ազդակ է հղել Հայաստանին

  • Ներքին կյանք - 11 Փետրվարի 2018, 15:18
Հայաստանը քայլեր է անում ԱՄՆ հետ կրկնակի հարկման բացառման վերաբերյալ նոր համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, այսօր լրագրողների  հետ ճեպազրույցում ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

“Մենք մշտապես մեր օրակարգում ունեցել ենք այդ հարցը: Վերջին ժամանակահատվածում իմ կողմից ակտիվացվել է այդ գործընթացը, ես հանդիպում եմ ունեցել ԱՄՆ դեսպան պարոն Միլզի հետ, քննարկել ենք այդ հարցերը:

Ի՞նչ եմ խնդրել մեր գործընկերներին, որովհետև ամեն տարի կարծես դոփում ենք նույն տեղում: Մենք բերում ենք մեր փաստարկները, իրենք՝ իրենց: Իսկ դա ի՞նչ է տալիս մեզ: Ամեն դեպքում մենք վստահ ենք, որ դրա բացակայությունն ազդում է տնտեսվարող սուբյեկտների դրական որոշումներ կայացնելու վրա: Որքան էլ ասենք, որ մեկ դեպքով չենք կարող դատողություն անել, խոսքը վերաբերում է Կոնտուր Գլոբալ ընկերությանը, որը մտել է մեր երկրի շուկա, բայց դա խնդիր է: Այդ ընկերությունը մեր երկիր է մտել Լյուքսեմբուրգի ընկերության միջոցով: Եվ այստեղ տրամաբանոական հարց է ծագում՝ ինչո՞ւ չի մտել հենց ամերիկյան կազմակերպության միջոցով: Պատասխանը շատ տրամաբանական է, որ եթե Լյուքսեմբուրգի հետ ունենք կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր, դա վստահություն է ներշնչում, թե ինչպիսին պետք է լինեն միջազգային հարկման սկզբունքները”, ասաց Արամյանը:

Նա նշեց, որ ակնհայտ է, որ նման դեպքերը մտածելու տեղիք են տալիս, որ ամեն դեպքում կարևորվում է կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր ունենալն ԱՄՆ հետ: Դա պարտադիր է, եթե երկու երկրները ցանկանում է ընդլայնել տնտեսական կապերը:

“Մենք մարտին ունենալու ենք հերթական միջկառավարական նիստը, պատրաստվում ենք այս հարցը մեկ անգամ ևս արծարծել: Ուրախալի է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարի կողմից առաջին դրական արձագանքն արդեն եղել է”,- նշեց նախարարը:

Ամենաընթերցվածը