«Վարչապետը չի ասել, որ մենք ուզում ենք բնակչությանը պատժել». Նախարար

    • Ներքին կյանք - 11 Փետրվարի 2018, 14:19
Հարկային օրենսգրքում ընդդիմության կողմից փոփոխությունների պահանջը սպեկուլյացիա է և տնտեսական հիմնավորում չունի, զուտ քաղաքական նպատակ է հետապնդում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը:

«Ընդդիմության նպատակը հետևյալն է, որն իրենք փորձելու են ներկայացնել: Ծառուկյան դաշինքը ևս մեկ անգամ իր առաջարկությունն առաջ կտանի՝ եկամտային հարկի հետ կապված, որը հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել: Լինելու են առաջարկներ, որ ակցիզային հարկի դրույքաչափերը, որոնք բարձրացվել են, իջեցվեն: Բայց ցանկացած փոփոխություն կամ հարկային բեռի ցանկացած նվազման փոփոխություն, եթե չի ունենալու ազդեցության վերականգնման կամ հավասարակշռման որևէ առաջարկ, դա սպեկուլյացիա է: Եթե լինեն միակողմանի առաջարկներ, դրանք սպեկուլյացիա են, քաղաքական նպատակ ունեն», ասաց Դավիթ Անանյանը:

Նա նշեց, որ Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավորներն այս օրերին հայտարարում են, թե դեռևս նախորդ տարվա սեպտեմբերից էին կանխատեսում, որ ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումն այս տարվա հունվարից հանգեցնելու էր մի շարք ապրանքատեսակների թանկացման: Բայց դա, ըստ փոխնախարարի, նորություն չէ:

«Կառավարությունը դեռևս 2016 թվականին, երբ քննարկում էր Հարկային օրենսգիրքը, արդեն գիտեր, որ լինելու է գների աճ և այդ մասին ասում էր: Այսինքն՝ այս քայլը ոչ թե մշուշոտ էր, այլ բավական կանխատեսված»,- հավելեց փոխնախարարը: Նա նշեց, որ եթե այլընտրանք կա, պետք է միշտ սպառման ու արտադրության հարկման միջև նախապատվությունը տալ սպառման հարկմանը:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էլ հավելեց, որ «սպեկուլյացիա» բառը որպես վիրավորանք թող չընդունեն ընդդիմադիրները: «Դուք առաջարկում եք թոշակները բարձրացնել, բայց ասում եք՝ հանկարծ սպառումը չհարկեք: Էդ դեպքում մենք որտեղի՞ց հարկերը հավաքենք»,- ասաց նախարարը:

Լրագրողների դիտարկմանը, որ կարելի էր հարկման բազան ընդլայնել, նախարարը հարցով պատասխանեց. «Ո՞ր ոլորտը հարկեինք՝ գյուղատնտեսությո՞ւնը»:

Դիտարկմանը, որ պետք է ստվերը հարկման դաշտ բերել, Արամյանը նման պատասխան տվեց. «Ստվերի հարկման համար պետք է ունենաս գործիքակազմ: Դա վարչարարություն է, չխառնեք քաղաքականության հետ»:

Նա նշեց, որ Հայաստանում առանձին ապրանքախմբերի մասով աննախադեպ գնաճ ունենք, դրա համար մարդիկ դա բնորոշում են որպես խայտառակ բարձր գնաճ: «Բայց իրականում, երբ համեմատում ենք, տարածաշրջանում մենք ամենաբարձր տնտեսական աճն ու ամենացածր գնաճն ունենք: Փոխանակ դուք ասեք, որ պետք է ջանքեր գործադրենք, որ տարեկան 4-5 տոկոս գնաճ ունենանք, հակառակն եք ասում»,- հավելեց Վարդան Արամյանը:

Նա նույնպես պնդեց, որ դեռևս 2016 թվականին էին իրենք կանխատեսում, որ գնաճ  լինելու է այս փոփոխությունների հետևանքով:

Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի կոչին, ով մարդկանց ասում է, որ եթե բենզինը թանկ է, պետք է գազով վարել ավտոմեքենան, ֆինանսների նախարարն ասաց. «Վարչապետը երբեք չի ասել, որ մենք ուզում ենք ձեզ պատժել, որ բենզինից անցում կատարեք գազի: Դա ոչ թե հեգնանք է բնակչության նկատմամբ, այլ տրամաբանական առաջարկ»: 

Ամենաընթերցվածը