Ֆինանսների նախարարն ասել է, թե երբ կբարձրանան թոշակները

    • Ներքին կյանք - 10 Փետրվարի 2018, 19:59
Թոշակների բարձրացումն անխուսափելի է, բայց կառավարությունն առայժմ հստակ չի կարող հայտարարել, թե երբ տեղի կունենա բարձրացումը: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

“Անխուսափելի է թոշակների բարձրացումը, բա մարդիկ ինչ պիտի անեն, աշխատել են, չէ՞, վաղը մյուս օրը մենք էլ ենք դառնալու թոշակառու”,- ասաց նա:

Բայց թոշակներն ու նպաստները բարձրացնելու համար, նախարարի խոսքով, պետք է տնտեսական աճ լինի, ոչ թե մեկ տարի, այլ  պերմանենտ:

“Ես խոսում եմ 20 հազար աշխատատեղ ստեղծելու մասին, բայց ես ուզում եմ , որ 50-60 հազար աշխատատեղ ստեղծվի: 2009 թվականի տնտեսական ճգնաժամը ցույց  տվեց, որ այն տնտեսական աճը, որը ունեինք, դրա փոքր մասն էր մեր ներուժի հաշվին: Մեծամասամբ դրսից փողը գալիս էր, ծախսում էինք: Դրա համար էլ այսպիսի խնդիրներ ունեցանք”,- ասաց Արամյանը:

Նա նշեց, որ եթե թոշակները մեկ տարի բարձրացնեն, հաջորդ տարի չեն կարող ասել, թե բարձրացնելու գումար այլևս չկա: Ըստ նախարարի՝  այսօր թոշակը 5000 դրամով բարձրացնելու դեպքում 25 մլրդ դրամ լրացուցիչ գումար է անհրաժեշտ: Եթե թոշակը բարձրացնեն, պետք է վստահ լինեն, որ ամեն տարի կարող են այդ 25 մլրդ դրամը հատկացնել:

Հարցին, թե հաջորդ տարի թոշակների բարձրացում նախատեսվա՞ծ է, ֆինանսների նախարարը հստակ պատասխան չտվեց: “ Չեմ կարծում: Տեսականորեն ամեն ինչ էլ հնարավոր է: Իսկ ես հարց կտամ՝ հնարավո՞ր է, որ ավելի սրվի իրավիճակը Միջին  Արևելքում, դա տեղափոխվի Կովկաս, ռուսական տնետսությունն ավելի մեծ խնդիր ունենա Արևմուտքի հետ, ամեն ինչ էլ հնարավոր է: Մենք  սեփական ներուժի վրա պետք է հույս դնենք”,- ասաց նա:

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն էլ հավելեց, որ արկածախնդրություն կլինի, եթե կառավարությունը բարձրացնի թոշակները՝ չունենալով այն աղբյուրը, որը պետք է դա ֆինանսավորի:

“Չի կարող լինել այդպիսի նախարար, ով կմտածի, որ գներն անընդհատ աճելու են, վիճակը վատանալու է, բայց թոշակը մնալու է նույնը: Թող այնպիսի տպավորություն չլինի, որ դուք ավելի մտահոգ եք: Մենք դա անելու ենք այն ժամանակ, երբ վստահ լինենք, որ այդ գումարը հնարավոր է վճարել: Մենք ունեցել ենք ժամանակ, որ ունեցել ենք գրված թոշակներ ու նպաստներ, որոնք չեն վճարվել: Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք, որ դա չկրկնվի”,- ասաց Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ նախորդ տարի արձանագրված տնտեսական աճը թույլ չի տվել, որպեսզի այս տարի թոշակներն ու նպաստները բարձրացվեին: 

Ամենաընթերցվածը