Բոլորը հասկանում են, թե դա մի գործիք է, որ պետք է անպայման մեկին գնդակահարել կամ կախել

  • Ներքին կյանք - 10 Փետրվարի 2018, 13:44
Ծրագրային բյուջետավորմանն անցում կատարելուց հետո կառավարությունը մտադիր է բարձրացնել բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆինանանսերի նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը: Նշենք, որ 2019 թվականից Հայաստանում անցում կկատարվի ծրագրային բյուջետավորմանը:

Ջանջուղազյանն ասաց, որ ծրագրային բյուջետավորում նշանակում է հետևյալը՝  ծրագրերի համար կլինեն սահմանված արդյունքային ցուցանիշներ: Հարցին, թե ծրագրային բյուջետավորմանն անցնելուց հետո բյուջետային ծախսերի արդյունավետությունը քանի՞ տոկոսով կբարձրանա, փոխնախարարը պատասխանեց. «Արդյունավետը և ավելի արդյունավետն իրար թշնամիներ են: Հենց մեկին արձանագրում ենք, հայտնվում է էն մյուսը, որն ավելի պակաս արդյունավետ է: Դրա չափելու ձևը աշխարհը գտել է հենց կատարողական հիմնական ցուցանիշներով, միջոցառումներով, որոնք փոխզիջումային ու փոխհամաձայնեցված գնահատականներ են»:

Նա նշեց, որ ԱԺ-ն ու կառվարությունն են գալիս միասնական եզրակացության, որ կատարողական հիմնական ցուցանիշները բնութագրվում են, որոշվում՝ արդարացված ու հիմնավո՞ր է այդքան գումար ծախսելը:

Ինչ վերաբերում է վերահսկողության խստացմանը, Ջանջուղազյանն ասաց. «Վերահսկողություն բառը ոնց որ կոդավորված լինի մեր երկրում: Բոլորը հասկանում են, որ դա մի գործիք է, որ պետք է անպայման մեկին գնդակահարել կամ կախել: Վերահսկողությունն ուղղակի իրենից համակարգ է ներկայացնում, ինչը ենթադրում է, որ տարատեսակ մեխանիզմներով ապահովագրվում ես այն ռիսկից, որ շեղումները կլինեն անթույլատրելի կամ էական: Իսկ եթե դա չլինի, ինչ ենք անելու, մենք ենթադրում ենք, որ դա լինելու է: Այսինքն՝ մենք ունենալու ենք միջոցառումներ, կատարողական հիմնական ցուցանիշներ, որոնցով հնարավոր է լինելու գնահատել այդ միջոցառումները: Եվ այդ կատարողական հիմնական ցուցանիշներն օգտագործվելու են ԱԺ և հանրության կողմից, որպեսզի դատողություն արվի, թե միջոցները ներդրվում են այս կամ այն ծրագրի արդյունքն ստանալու համար, արդյունքի տեսանկյունից հիմնավոր են, թե ոչ»:

Հարցին, թե կառավարությունն ունի՞ հաշվարկներ, ներկայումս պետական բյուջեի քանի տոկոսն է անարդյունավետ ծախսվում, Ջանջուղազյանը պատասխանեց, որ նման ցուցանիշ չկա:

«Դուք ո՞նց եք պատկերացնում՝ ես գիտեմ որն է անարդյունավետ ծախսը ու հանգիստ նստե՞լ եմ: Ես ինչո՞ւ պիտի հանդուրժեմ անարդյունավետ մասը»,- հարցադրում արեց նա:

Ամենաընթերցվածը