Քայլ առաջ, վազքով հետ

  • Ներքին կյանք - 10 Փետրվարի 2018, 12:43
Ընտրությունից-ընտրություն, հաշվետվությունից – հաշվետվություն գրանցվում է տնտեսական աճ և ժողովրդավարության առումով առաջընթաց: Աղքատության, գործազրկության, արտագաղթի տոկոսները մեղմվում են կամ էլ սառեցվում:

Մի խոսքով, թղթի վրա քայլեր են կատարվում և գունագեղ պատկերներ են ստացվում: Միայն արտաքին պարտքի սպասարկման հարցում է, որ իշխանությունը հնարավորություն չունի որևէ դրական քայլ կատարելու: Այստեղ արդեն խոշոր հարկատուները ոչինչ չեն կարող անել: Խոշոր հարկատուն ինքը իշխանության մաս է: Օլիգարխ-իշխանավոր բառակապակցությունը ժողովուրդը ոչ թե հորինել է, այլ պարզապես փաստել է իշխանության և բիզնեսի ամուր և ամբողջական կապը:

Հայկական ժողովրդավարության պայմաններում անհնարին է բիզնեսով լրջորեն զբաղվել առանց իշխանությունից քվոտա ստանալու, միևնույն ժամանակ ամոթալի է, երբ իշխանություն ունես և չունես լուրջ բիզնես: Ստացվել է այնպես, որ բիզնես և մանդատ բառերը դարձել են հոմանիշներ և գուցե ժամանակն է, որ ԸԿՀ-ն պատգամավորներին պաշտոնապես հանձնի բիզնես-մանդատ:

Մարդիկ մանդատ են ստանում, որ բիզնեսը պահեն և զարգացնեն, և բնականաբար մարդիկ բիզնեսը զարգացնում են, որ մանդատ ձեռք բերեն:

Եվ ահա այս պարագայում իշխանության բոլոր թևերը դարձել են մեկ թև և հրմշտելով չորրորդ թևին հեռու են պահում նրան երկրում ժողովդրավարական գործընթացների լուսաբանման առաքելությունից:

Այս ամենի ֆոնին Ազգային ժողովում 79 հոգով որոշակի լիազորություներից զրկված ՀՀ նախագահ ընտրելը ճոխություն է և շռայլություն, ի վերջո այն ծանր բեռ է հարկատուների ուսերին:

Եվ ահա այս պարագայում Բաղրամյան 26-ը ամեն օր մի նոր լրացուցիչ լիազորություն է ստանում ապագա վարչապետի համար:

Դե ինչ, բոլոր դեպքերում պառլամենտարիզմը քայլ առաջ է, իսկ լիազորություններից զրկված երկրի նախագահը և կառավարության դռնփակ նիստերը մեզ բոլորիս տանում են վազքով հետ:

Գառնիկ Վաղարշակյան

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ

Ամենաընթերցվածը