Հայաստանում ոչ թե մրցակցությունը ցածր մակարդակի վրա է, այլ այն գրեթե զրոյանում է

    • Ներքին կյանք - 13 Հունվարի 2018, 16:36
Հայաստանում գների թանկացումը ոչ միայն հարկային ոլորտի օրենսդրության փոփոխության և ԵՏՄ շրջանակներում  ստանձնած պարտավորություններով է պայմանավորված, այլ նաև մրցակցության բացակայությամբ: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց տնտեսագետ, ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով ՏՄՊՊՀ ներկայացրած հաշվարկներին:

Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն հունվարի մեկից նկատվող բենզինի և դիվառելիքի գների թանկացման վերաբերյալ հաշվարկներ էր ներկայացրել՝ արդարացնելով թանկացումները: Այնինչ մասնագետները հարցադրումներ են հնչեցնում, թե ինչո՞ւ է ՏՄՊՊՀ-ն հաշվարկներ անում, փոխանակ մրցակցություն ապահովի:

«Բոլոր դեպքերում ցանկացած գնաճի կարևորագույն բաղադրիչը մրցակցության բացակայությունն է: Ընդհանրապես նման իրավիճակը պայմանավորված է լինում մրցակցության ցածր մակարդակով: Մրցակցությունն ազատ շուկայական հարաբերությունների կարևորագույն պայմանն է: Իսկ Հայաստանում ոչ թե մրցակցությունը ցածր մակարդակի վրա է, այլ այն գրեթե զրոյանում է»,- ասաց Վարդան Բոստանջյանը:

Նրա խոսքով, մյուս կողմից էլ, Հայաստանում ՏՄՊՊՀ-ին դիտավորյալ ընձեռված չեն լայն հնարավորություններ, որպեսզի մենաշնորհների դեմ իրական պայքար լինի:

«Այն պատժամիջոցները, մոտեցումները, որոնք մենք այսօր ունենք օրենքում, դրանք ամբողջությամբ հնարավորություն չեն տալիս, որպեսզի հանձնաժողովը կարողանա ունենալ անհրաժեշտ ազդեցություն»,- նշեց նա:

Թե ինչո՞ւ է նման օրենսդրություն ստեղծվել Հայաստանում, Վարդան Բոստանջյանը պատասխանեց, որ այստեղ դիտավորություն կա: Այլ ոլորտներում ևս նման իրավիճակ է, երբ օրենսդրությունը թերի է:

«Տեսեք, հանրային ծառայությունների ոլորտի կարգավորմանը եթե անդրադառնանք, մինչև այսօր մենք չգիտենք գազի, էլեկտարէներգիայի դեպքում գնագոյացումն ինչպես է ձևավորվում: Դա հատուկ մոտեցումներ է պահանջում, հատուկ ինֆորմացիա է պետք: Ես կարծում եմ՝ մտածված ձևով արվել է այնպես, որպեսզի հնարավոր չլինի տիրապետել դրա մանրամասներին, ինչը թույլ կտա համապատասխան որոշումներ կայացնել»,- հավելեց տնտեսագետը:

Ամենաընթերցվածը