Հայ գործարարներն ահ ու սարսափի մեջ են ռուսական չափորոշիչների պատճառով

    • Ներքին կյանք - 13 Հունվարի 2018, 14:49
Ռուսական շուկայում կոնյակի վերաբերյալ մոտ կես տարի առաջ սահմանված որակի չափորոշիչները դժվարին խնդրի առաջ են կանգնեցրել հայ արտադրողներին: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ահազանգեց Հայաստանի Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Նրա խոսքով՝ ռուսական կողմը խաղի կանոնները միակողմանի փոխել է՝ առանց նախազգուշացնելու հայկական կողմին: Դրա հետևանքով՝ հայկական կոնյակի որոշ խմբաքանակ հետ է ուղարկվում Հայաստան:

«Եվ մեզ գցել են շատ ծանր վիճակի մեջ: Որակի չափորոշիչ են մտցրել, բայց մենք ներսում չենք կարողանում հասկանալ՝ այդ չափորոշիչին համապատասխանում է այնտեղ ուղարկվող մեր կոնյակը, թե ոչ: Հասնում է այնտեղ, հետո պարզվում է, որ չի համապատասխանում ու հետ է գալիս»,- ասաց նա:

Ըստ միջազգային օրենսդրության, եթե չափորոշիչ է փոխվում որևէ երկրում, գործընկեր երկրներին տեղեկացնում են նախօրոք: Ըստ Հարությունյանի՝ կոնկրետ կոնյակի դեպքում 3 տարի ժամկետ են տալիս՝ արտադրանքն այդ չափորոշիչներին համապատասխանեցնելու համար:

«Գոնե մեզ 2.5 տարի ժամկետ տային, իսկ իրենք դրեցին ու որոշման հաջորդ օրը կիրառեցին: Երեք տարի հետո մենք ընդհանրապես խնդիր չենք ունենա, մեր արտադրողները հիմա կորեկցիա են անում, բայց այս փուլում շատ խնդիրներ են առաջանում»,- նշեց մասնագետը:

Թե ինչ քանակի հայկական կոնյակ է այսօր հետ ուղարկվում Ռուսաստանից, Ավագ Հարությունյանը հստակ չասաց՝ նշելով, որ դա կոմերցիոն գաղտնիք է: Միայն ասաց, որ մի քանի մեքենա մեկ կիսամյակում հետ է եկել: Խնդիրն այն է, որ հայ գործարարներն, ըստ նրա, ահ ու սարսափի մեջ են այդ չափորոշիչների պատճառով: Ամեն պահի ռուսական կողմը կարող է ասել, որ ապրանքը չի համապատասխանում չափորոշիչներին: Դա որակ է, որը չի չափվում Հայաստանում, և հայ գործարարներն անորոշության մեջ են:

«Խնդիրը գործընկերային հարաբերությունների մեջ է, իրենք պետք է մեզ զգուշացնեին, ժամանակ տային: Այս քաղաքականության պատճառն այն է, որ իրենք ուզում են ռուսական շուկայից դուրս մղել ոչ ռուսական արտադրանքը և հենվեն սեփական արտադրության վրա: Դա հասկանալի է որոշ չափով, բայց նրանց մեթոդներն են անհասկանալի»,- նշեց Հարությունյանը:

Նշենք, որ ռուսական ԶԼՄ-ներն օրերս տեղեկացրել են, որ այս տարի ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը ֆինանսների նախարարությանը կառաջարկի 2018 թվականին բարձրացնել կոնյակի նվազագույն մանրածախ գինը: Այժմ կոնյակի նվազագույն մանրածախ գինը ՌԴ-ում 0.5 լիտրի համար 371 ռուբլի է: Նախատեսվում է գինը բարձրացնել մոտ 35 տոկոսով:

Ավագ Հարությունյանի խոսքով՝ կոնյակի մանրածախ գների բարձրացումը դրական ազդեցություն կունենա հայկական կոնյակի համար:

«Այսօր ռուսական շուկայում կոնյակի գները շատ ցածր են, հայկական կոնյակը չի կարողանում մրցակցել գնային առումով, և մարդիկ ստիպված գին են իջեցնում: Հիմա կբարձրանա այդ գինը, նաև կոնյակի մեծածախ գները կբարձրանան, և մեզ համար լավ կլինի: Այսինքն՝ շեմի բարձրացմամբ հայկական կոնյակները վերադառնում են 2008 թվականի գների մակարդակին»,- ասաց մասնագետը: Նա մանրամասնեց, որ 2008 թվականից սկսած հետևյալ իրավիճակն էր ստեղծվել: Նախ, ճգնաժամն էր ազդել ռուսական շուկայում գնողունակության վրա, իսկ 2014 թվականին ռուսական ռուբլու անկումը հանգեցրել էր նրան, որ ռուսական ռուբլիով գները մնացել էին նույնը, իսկ դոլարով նվազել էին: Պայմանագրերը ռուբլիով էին կնքված, իսկ ռուբլիոն մոտ կրկնակի արժեզրկվել էր:

«Այդ պատճառով ռուսական շուկայում հայկական կոնյակի գները մոտ 100 տոկոսով ընկան:  Հիմա մերոնք դա կամաց-կամաց փորձում են վերականգնել, բայց ընդամենը վերականգնել են 20 տոկոսով: Այսինքն՝ 80 տոկոսով մենք դեռ հետ ենք գներից: Հիմա եթե 35 տոկոսով բարձրանա, դա դրական տենդենց է Հայաստանի համար»,- ասաց նա:

Ամենաընթերցվածը