Սերժ Սարգսյանին զեկուցվել է ԶՈՒ արդիականացման յոթնամյա ծրագրի նախագիծը

  • Ներքին կյանք - 12 Հունվարի 2018, 21:54
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այսօր պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումը։

Զեկուցվել են 2017 թվականի հոկտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանի կողմից տրված հանձնարարականի կատարման արդյունքում մշակված այդ ծրագրի նախագծի հիմնական ուղղություններն ու կարևորագույն սկզբունքները: Ընդգծվել է, որ, հաշվի առնելով առկա մարտահրավերները, 2018-2024թթ. ծրագիրը մշակելիս կանխատեսվել են իրավիճակի զարգացման հնարավոր տարբերակները, ուղենշվել են դրանց հակազդման ուղիները, ստեղծվել են անհրաժեշտ պայմանները՝ առկա ռեսուրսների ղեկավարումն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար:

Սարգսյանին ներկայացվել է նաև, որ ս.թ. հունվարի 4-ին ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ մեկնարկած յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումները շարունակվել են օրենսդիր և գործադիր մարմինների, հասարակական հատվածի ներկայացուցիչների և փորձագետների ներգրավմամբ։

Ամենաընթերցվածը