Մի գիշերվա մեջ ստատիստիկա հորինեցին. «Աջ ղեկը» շարունակում է բողոքի ակցիան

  • Ներքին կյանք - 12 Հունվարի 2018, 16:52
«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ՝ դժգոհելով կառավարության երեկվա որոշումից: Նրանք նամակով առաջարկություններ փոխանցեցին կառավարությանը՝ հայտարարելով, որ երեկվա ընդունած նախագիծը հիմնավորումներից զուրկ է:

Հիշեցնենք, որ կառավարությունը երեկ ընդունեց որոշման նախագիծ, որով այս տարվա ապրիլի մեկից արգելվելու է աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան: Սահմանափակումը չի գործելու մինչև ապրիլի 1-ը ներկրված մեքենաների վրա, դրանց սեփականատերերը կարող են դրանք ազատ շահագործել կամ վաճառել:

Կառավարությունն իր որոշումը հիմնավորում է նրանով, որ աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարների ու տուժածների թիվը մեծ է: Նախաձեռնության անդամներն ասում են, որ մինչ այդ իրենք փորձել են պետական մարմիններից տեղեկություն ստանալ, թե աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարների վիճակագրությունն ինչպիսին է: Իրենց պատասխանել են, որ վիճակագրությու չկա: Բայց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության երեկվա նիստում հայտարարել էր, թե ըստ ոստիկանության և ապահովագրական ընկերությունների տվյալների՝ աջ ղեկով մեքենաների մասնակացությամբ վթարների քանակը մոտ 28 տոկոսով ավելի է: Բացի դրանից, վթարների ժամանակ աջ ղեկերի մասնակցությամբ վիրավորների քանակը մոտ 39 տոկոսով ավելի է, ինչը մասնագետները բարձր թիվ են որակում:

«Փաստորեն մի գիշերվա մեջ ստատիստիկա հորինեցին: Վերացական թվեր հրապարակեց կառավարությունը, մեզ հավատ չի ներշնչում, որ խնդիրն առնչվում է անվտանգությանը: Նաև աբսուրդ է, որ իրենք հղում են անում օրենքին, որով երթևեկությունը աջակողմյան է, բայց այդ նույն օրենքում ֆիքսված չէ, որ ղեկերը ձախակողմյան պետք է լինեն»,- ասացին ակցիայի մասնակիցները:

Նրանք նշեցին, որ իրենց պայքարը կարող է մեծ թափ ստանալ: Հետագա պայքարի մարտավարությունը կորոշեն կառավարության պատասխանն ստանալուց հետո:

Ամենաընթերցվածը